«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվել էր «Սոցիալական պաշտպանության դերը արտակարգ իրավիճակներում» թեմայով քննարկում: Հիմնական բանախոսն էր Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի համընդհանուր գործունեության բնագավառի առաջատար տնտեսագետ Ռուսլան Եմցովը:

Մասնագետները պնդում են, որ աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիակների ոլորտներում մանրուքներ չկան, բոլոր նրբությունները կարեւոր են, այդ թվում՝ սոցիալական պաշտպանությունը: Անգամ կատակ կա. եթե մարդուն փրկել ես, բայց չես ապահովում սննդով, հագուստով, կացարանով՝ էլ ինչո՞ւ ես փրկել: Սոցիալապես ապահովը աղետից հետո ավելի հեշտ է վերականգնվում:

Ըստ Ռուսլան Եմցովի, աղետների ռիսկեր կան բոլոր երկրներում, վերջին տարիների զարգացումները նոր ռիսկեր են առաջ բերում: Օրինակ բռնի տռեղահանվածների, զինված հակամարտություններից փախնողների մեծ հոսքերը վարակների տարածմանն են նպաստում: Այսօր աշխարհում 65 միլիոն տեղահանված կա: Սա խոցելի խավ է ու խոցելի է դարձնում այն երկիրը, որտեղ պատսպարվում է: Ամեն աղետից հետո մեծանում է խոցելի եւ աղքատ խավը: Հայաստանում 1988-ի երկրաշարժից 30 տարի անց էլ դեռ կան տնակներում ապրողներ, դեռ բոլորը չեն վերականգնվել: Շատ երկրներում վերականգնումը տեւում է տաս տարի, բայց կան երկրներ, օրինակ աֆրիկյան երկրները, որտեղ երկու տարին մեկ երաշտ է լինում ու մարդիկ վերականգնման համար 10 տարի չունեն:
Սրա համար Համաշխարհային բանկի փորձագետ, տնտեսագետ Ռուսլան Եմցովն առաջարկում է ձեւավորել սոցիալական պաշտպանության ճկուն համակարգ: Ըստ նրա, Հայաստանի սոցիալական պաշտպպանության համակարգը կայացած է, բայց պետք է հզորացվի: Համաշխարհային բանկի չափանիշներով, սոցիալական պաշտպանության ճկուն եւ մարտահրավերներին արագ արձագանքող համակարգը երեք բաղադրիչ ունի. տեղեկություններ ռիսկերի ու բնակիչների մասին, այս փաստերի հաշվառմամբ մշակված ծրագրեր եւ երկարաժամկետ ֆինանսավորում:

Ռուսլան Եմցովի խոսքով, այս հարցում ընդօրինակելի են Մեքսիկայի եւ Ֆիլիպինների փորձերը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ