Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ռուսաստանի Կազան քաղաքի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում անցկացվել է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի խնդիրների լուծման նորարական մոտեցումներ» թեմայով գիտա-գործնական կոնֆերանս, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Հավաքին մասնակցել է մոտ 70 մարդ:

Երկու օրում ներկայացվել է մոտ երեք տասնյակ գիտական զեկույց. «Աղետների ռիսկի նվազեցման ժամանակակից հայեցակարգերը», «Կրթական հաստատությունների անվտանգությունը», «Կամավորությունը բնակչության անվտանգության ապահովման ոլորտում», «Իմ քաղաքը պատրաստվում է միջազգային շարժում», «Կենսագործունեության անվտանգության գլոբալ եւ ազգային տեխնածին խնդիրներ եւ դրանց լուծումները», «Ճառագայթային անվտանգության ապահովման սկզբունքները» եւ այլն: Համլետ Մաթեւոսյանը ներկայացրել է երկու զեկույց. «Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» եւ «Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքները»: Այս զեկույցներին դեռ կանդրադառնանք:

Միջազգային այս հավաքում քննարկումների արդյունքում պարզվել է, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում նորարական մոտեցումների կիրառման հարցում Հայաստանն առաջ է շատ երկրներից, մասնավորաբար՝ էլեկտրոնային գրադարան, հեռավար ուսուցում կազմակերպելու հարցերում եւ այս խնդիրների լուծման համար միջազգային գործընկերների հետ համագործակցելու խնդրում:

Իսկ Կազանի գիտա-գործնական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձեւ, որում մասնակիցները համոզմունք հայտնելով, որ հարկ է առավել խորությամբ ընկալել առկա բոլոր ռիսկերը, ընդգծել են միջազգային համագործակցության, գլոբալ գործընկերության եւ «Վերականգնել ավելի լավ, քան եղել է» սկզբունքով աշխատելու կարեւորությունը:

Այս բանաձեւի տրամաբանության մեջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Կազանի Ազգային հետազոտական տեխնիկական համալսարանն ու ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Կողմերը մտադիր են համագործակցել ուսանողների եւ դասախոսների փոխայցերի, կրթական ծրագրերի մշակման, գիտա-հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային գիտաժողովներ կազմակերպելու հարթություններում:

Հուշագիրը կնքված է երեք տարով եւ կողմերի համաձայնությամբ կարող է երկարացվել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ