2017 թվականի փետրվարին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Dasaran.am կայքի միջեւ սկսված անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված համագործակցության արդյունքում նույն տարվա հոկտեմբերին միջազգային գործընկերների օգնությամբ ստեղծվեց «Սուպեր Դավիթը» առցանց խաղը, որով կրտսեր դասարանների երեխաները սովորում են ինչ անել այս կամ աղետի ժամանակ. երկրաշարժ, կայծակ, սողանք, հրդեհ, սելավ, ջրհեղեղ, քարաթափում, ուժեղ քամի-փոթորիկ: Խաղը անվտանգության մշակույթ ձեւավորելու նպատակ ունի:Անցած մեկ տարում 64 000 մարդ մոտ մեկ միլիոն անգամ խաղացել է խաղը:

Այսօր Երեւանի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում պաշտոնապես ներկայացվեց նույն նպատակին ուղղված եւս մեկ խաղ՝ «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի»: Խաղը մշակվել է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր վարչության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի օգնությամբ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, խաղի մշակմանը մանակցած կառույցների ներկայացուցիչները:

Այս խաղում «Սուպեր Դավիթը» պայքարում է չար կրակների դեմ: Երեխաները հաղթելով չարին սովորում են ինչ անել անտառում, տրանսպորտում, շենք-շինություններում հրդեհների ժամանակ, ինչպես օգնել ընկերոջը եւ այլն: Դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ խաղը տեղադրված է Dasaran.am կայքում, բայց արդեն խաղացվել է 118 000 անգամ: Խաղացել են թե աշակերտներ, թե ծնողներ, թե ուսուիցիչներ: Աշակերտների 84 տոկոսը մարզերի դպրոցներից են եւ հիմնականում՝ աղջիկներ: «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» խաղի շնորհանդեսի ժամանակ հենց տեղում խաղում էին Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցականները: Երեխաների ոգեւորությունը տեսնելու բան էր:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Գեւորգ Հովակիմյանը վստահ է, որ այս խաղերը երեխաների մեջ անվտանգության մշակույթ ձեւավորելու լավագույն գործիքն են: Ռեկտոր Համլետ Մաթեւոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սուպեր Դավիթը» ծառայում է իր նպատակին՝ անվտանգության մշակույթի ձեւավորում, մարդիկ պետք է մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն արտակարգ իրավիճակներին առնչվող թեմաներն ու այս հարթությունում «Սուպեր Դավիթը» կարող է լուրջ դեր ունենալ:

«Սուպեր Դավիթը» ներկայացվել է առցանց խաղերի, կրթության նորարարական մեթոդների վերաբերյալ տարբեր միջազգային համաժողովներում: Ուկրաինան եւ Վրաստանը հետաքրքրված են մեր «Սուպեր Դավիթով»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ