«Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Rutgers համնալսարանի աղետների կանխարգելման եւ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրեն Քլիթոն Լասին: Պրոֆեսոր Լասին բժիշկ է, աղետների բժկության մեջ հմտացել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

ՃԿՊԱ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ոլորտները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վստահ են, որ բնական աղետները փորձանք չեն դառնա, եթե գիտակից քաղաքացիներ ունենանք: Օրինակ լեռնային ճանապարհի ջրահեռացման համակարգն այնպես կառուցենք, որ սելավի ռիսկ չլինի, կամ լեռան լանջին շինարարություն չանենք ու սողանք առաջանա եւ այլն: Հենց այս տրամաբանությամբ է ակադեմիան կազմակերպում թե կրթական-ուսումնական, թե վերապատրաստման ծրագրերը: Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ ակտիվ ու սերտ համագործակցում է պետական օղակների հետ: Ամերիկացի հյուրի խոսքով, իրենց երկրում պետական օղակների նման սերտ համագործակցություն չկա: «Արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը վազք է առանց վերջնագծի»,- նկատեց Քլիթոն Լասին:

Սա առաջին հանդիպումն էր, կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ փորձի փոխանակման ծրագրեր, ոլորտի տեխնոլոգիական նորարարություններին ծանոթանալու, մասնագետների փոխայցելություններ կազմակերպելու նպատակով:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ