Տեղեկացրել ենքոր այս տարվա օգոստոսին Հայաստանի լեռնային լճերում հետազոտական աշխատանքներ էր իրականացնում Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի աշխարհագրագետ-երկրաբանների եւ Երեւանի պետական համալսարանի գիտնականների թիմը: Գիտնականներին աջակցողներից մեկն էլ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, ստորջրյա լող մարզաձեւի սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանն է եղել:

ՃԿՊԱ ղեկավարությունը Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունից շնորհակալական նամակ է ստացել:

«Արտակ Էլմասակյանը գործնական մեծ օժանդակություն է ցուցաբերել գիտնականների խմբին: Մասնավորապես նա սուզումներ է իրականացրել Արագածոտնի մարզում գտնվող Քարի լճում՝ ծովի մակերեւույթից 3200 մ բարձրության վրա, Կոտայքի մարզի Ակնա լճում՝ ծովի մակերեւույթից 3039 մետր բարձրության վրա, սուզումների ընթացքում հասնելով մինչեւ 12,5 մետր խորության:

Օգտագործելով բարձր ջրասուզական եւ նավավարական հմտություններ ու վարպետություն, Արտակ Էլմասակյանը գործնական մեծ օգնություն է ցուցաբերել լճերի ափագծերի եւ հատակային ռելիեֆի ճիշտ քարտեզագրման, ստորջրյա նստվածքային ապարներից օրգանական եւ երկրաբանական նյութերի նմուշառումների հարցերում: Նա մեծ օգնություն է ցուցաբերել նաեւ տարբեր խորություններից բույսերի ստորջրյա հերբարիումների հավաքների իրականացման հարցում», — ասված է Երեւանի պետական համալսարանի ղեկավարության շնորհակալական նամակում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ