ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի  համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների, մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ:

Ինչպես եւ այլ տարիների, այս տարի եւս տարբեր կազմակերպություններ առաջարկում են իրենց աշխատակիցներին վերապատրաստել ու ՃԿՊԱ-ն մշտապես ընդառաջում է, չի մերժում: Վերապատրաստման հերթական չնախատեսված, արտագնա դասընթացն անցկացվեց Երեւանի թիվ 25 մանկապարտեզում՝ տնօրիինության նախաձեռնությամբ:

Մանկապարտեզի տնօրեն Ինգա Խաչատուրովայի խոսքով, վտանգների ու ռիսկերի մասին աշխատակիցների ու սաների ծնողների գիտելիքները բավարար մակարդակի վրա չեն եւ նման դասընթացները կլրացնեն բացը: Թիվ 25 մանկապարտեզը ունի ազդարարման համակարգ, խմբերն ունեն երկու մուտք, միջանցքներում կան կրակմարիչներ, պատերին փակցված են տարհանման պլաններ, շենքի դռները բացվում են դեպի դուրս:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Սիրուշ Հովհաննիսյանը մանկապարտեզի աշխատակիցների եւ սաների ծնողների հետ խոսեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվտանգությունից, աղետների ռիսկի նվազեզման կրթությունից: Հարկ է, որ բոլորը կարեւորեն մանկապարտեզի անվտանգությունը, անվտանգության մշակույթը, դիմակայուն եւ անվտանգ անհատի հասարակության ձեւավորումը: Իսկ դրա համար պետք է գիտելիք: Գիտելիքներով «զինված» մարդու համար երկրաշարժը բնական երեւույթ, ռիսկ ու վտանգ է, որ փորձանք ու աղետ չի դառնում: Ճիշտ կառուցված եւ կահավորված շենքից տարհանումը խնդիր չի դառնում:

ՃԿՊԱ մասնագետները թիվ 25 մանկապարտեզին նվիրեցին աղետների ռիսկի կնվազեցման թեմաներով գրքեր, խաղեր, այլ նյութեր: Մանկապարտեզի տնօրինությունը ցանկություն հայտնեց նման հանդիպումներ էլի կազմակերպել:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ