Տեղեկացրել ենք, որ  Գերմանիայի բնապահպանության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դաշտային վարժանքներին ու վերապատրաստման ծրագրերին մասնակցում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրով «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Սահակյանը: Լիլիթի մագիստրոսական թեզի թեման է. «Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանի հանրապետությունում եւ պոչամբարների անվտանգ շահագործումը»: Ապագա մագիստրոսի մասնակցությունը նշված ծրագրին շատ լավ հնարավորություն է հարստացնել սեփական գիտելիքները:

Ծրագրի շրջանակներում այս ամիս Ծաղկաձորում տեղի է ունեցել պոչամբարների անվտանգության գնահատման թեմայով միջազգային վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին ոլորտի մասնագետներ եւ առաջատար փորձագետներ մի շարք երկրներից՝ Ռումինիա, Սերբիա, Հունգարիա, Գերմանիա, Ավստրիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան: Դասընթացի գործնական մասն անցկացվեց ՀՀ Լոռի մարզի Ախթալա քաղաքի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի տարածքում:

Միավորված ազգերի կազմակերպության եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջրային եւ արդյունաբերական վթարների կոնվենցիաների համատեղ փորձագիտական խմբի եւ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացված վերապատրաստման դասընթացներում խոսվել է պոչամբարների անվտանգության բարձրացման հարցերից: Թեման Հայաստանի համար խիստ արդիական է, քանի որ սեյսմակտիվ գոտում կա 23 պոչամբար:

Հայաստանում պոչամբարների անվտանգության բարձրացմանն ուղղված նման միջազգային, խոշոր ծրագիր իրականացվում է առաջին անգամ: