Սեպտեմբերի 10-19-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից 14 փրկարար: Դասընթացի տեւողությունը 56 ժամ է, որից ութը՝ գործնական վարժանք:

Դասընթացի թեմաներն են «Միջազգային փրկարարական արձագանքում», «Հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ տեխնիկայի եւ տեխզինվածության տեխնիկական սպասարկման կազմակերպում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում բարձրահարկ շենքերում եւ շինություններում», «Տրանսպորտային վթարների ժամանակ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ անվտանգության ապահովում», «Վթարա-փրկարարական գորևծիքներ», «Գազածխապաշտպան ծառայություն», «Բուսածածկ եւ անտառային տարածքաներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում» եւ այլն:

Օգոստոսի 13-ին դասընթացի մասնակիցները ԱԻՆ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում» «Գազածխապաշտպան ծառայություն» վարժանք անցկացրեցին, որը ղեկավարում էին ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանն ու դասախոս փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը:

Հովհաննես Խաչատրյանի խոսքով, գործնական վարժանքին մասնակցում են փրկարարների երեք հոգանոց խմբեր: Խնդիրն է մութ եւ ծխապատ գոտուց հանել տուժածներին:

Հարություն Ղազարյանի խոսքով, վերապատրաստվում են ՀՓՋ-ների այն պատասխանատուները, որոնք իրականացնում են անձնակազմի ուսուցում: Իսկ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատանքները, շնչառական սարքերի օգտագործումը փրկարարի սովորական առօրյան է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ