Սեպտեմբերի 9-14-ը Հայաստանում է լինելու Իրաքի հանրապետության Քուրդիստանի տեղական կառավարության ներքին գործերի նախարարության ճգնաժամերի համակարգման միասնական կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի գլխավոր տնօրեն Հուշանգ Մուհամեդ Աբդուլռահմանի գլխավորությամբ: Այցի նպատակն է ծանոթանալ աղետների ռիսկի նվազեցման-կառավարման, ճգնաժամային կառավարման, այս ոլորտների մասնագետների պատրաստման, վերապատրաստման եւ կրթության հայկական փորձին: Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր:

Իրաքի հանրապետության Քուրդիստանի տեղական կառավարության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը այցը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի նախաձեռնությամբ: Քուրդիաստանի տեդական կառավարությունը մտադիր է ստեղծել ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման կառույցների համար մասնագետներ կրթող հաստատություն եւ այս հարցով դիմել է ՄԱԿ-ի տեղական գրասենյակ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետներն էլ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, եկել են եզրակացության, որ Քուրդիաստանի համար լավագույնը կլինի հայկական փորձը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը իրաքցի հյուրերին ներկայացրեց ակադեմիայի ստեղծման պատմությունը, բուհի գործառույթները, առաքելությունը, տեխնիկական հագեցվածությանը, սեփական ուժերով, տեղացի, օտարերկրյա եւ միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերը: Հյուրերն այցելեցին նաեւ ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոն:

Իրաքի հանրապետության Քուրդիստանի տեղական կառավարությունը մտադիր է աղետների ռիսկի նվազեզման ոլորտում աշխատել ժամանակակից պահաջներին համապատասխան՝ ոչ թե արձագանքել, այլ՝ կանխարգելել, ձեւավորել անվտանգության մշակույթ, հասնել մտածողության փոփոխության, զարգացնել կամավորությունը եւ արդյունքում ունենալ դիմակայուն երկիր: Հայաստանն այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է արել, սկսած օրենսդրական փոփոխություններից մինչեւ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» եւ դրա իրականացման 2017-2030 գործողությունների ծրագրի ընդունում: Քուրդիստանի տեղական կառավարությունը նման ռազմավարություն է ընդունել առաջիկա հինգ տարվա համար: Իսկ օրենսդրական դաշտը դեռ ձեւավորված չէ:

Իրաքի հանրապետության Քուրդիստանի տեղական կառավարության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հանդիպելու է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱԻՆ փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում պետության հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչների, այցելելու է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ