ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով սպայական կոչումներ են ստացել եւ նոր պաշտոններում նշանակվել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի փրկարարների վերապատրաստման ցիկլի պետ Արմեն Հուսիկի Ներսեսյանին շնորհվել է մայորի կոչում։

20 տարուց ավելի ԱԻ համակարգում թրծված մասնագետն առաջին կարգի փրկարար է հարուստ մասնագիտական անցյալով․  եղել է շարքային փրկարարից մինչև ջոկատի հրամանատարի տեղակալ, ՈՓԱ-ի օդադեսանտային թռիչքների,փրկարարական խմբի անդամ, մասնակցել է  բազմաթիվ ուսումնավարժանքների։

Նախորդ տարվանից զբաղվում է ակադեմիական գործունեությամբ, մանկավարժի դերն իրեն ավելի հոգեհարազատ է  համարում։ Կրթում է ուսանողներին, վերապատրաստում գործուն փրկարարներին։  Նկատում է՝ երիտասարդները մեծ ձգտումներ ունեն, փորձում են կրկնօրինակել կամ գերազանցել իրենց ավագ ընկերներին, մշտապես զարգացնել գիտելիքները։

Իր հետագա ծրագրերն Արմեն Ներսեսյանը ակադեմիական կրթության բարելավմանն է նվիրելու։ Տարիների փորձը սերնդեսերունդ փոխանցել է պետք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝  www.mes.am կայքի