Օգոստոսի 22-ին Երեւանի «Ինդիգո» զարգացման կենտրոնում անցկացվեց արտակարգ իրավիճակներին նվիրված միջոցառում՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության եւ «ՕքսեՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինությունը։

Կենտրոնի սաներին ցուցադրվեցին հրդեհի եւ երկրաշարժի մասին ուսուցողական մուլտֆիլմեր, ինչին հաջորդեցին իրավիճակային խաղեր։ ՃԿՊԱ դասախոսներ Սուսան Գեւորգյանը, Անի Գեւորգյանը եւ ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը, օրինակ ծառայելով, ներկայացրին՝ ինչպես երկրաշարժի ժամանակ պաշտպանվել  շարքից դուրս եկած կառուցատարրերից եւ ճիշտ տեղանք ընտրել պատսպարվելու համար, ինչպես փակել շնչուղիներն ու անվտանգ դուրս գալ ծխապատ գոտուց։

Կազմակերպիչները երեխաներին խորհուրդ տվեցին ցանկացած դժվար իրավիճակում խուճապի չմատնվել, չթաքնվել եւ հնարավորության դեպքում զանգահարել 911 ծառայություն։

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Գուրամ Մատիաշվիլին փոքրիկների «դատին» հանձնեց մասնագիտությամբ փրկարար, առաջին խոսող տիկնիկին՝ Սուպեր Դավիթին, որը զրուցում է դիմացինի հետ, պատմում տարբեր աղետների մասին։ 5,5 –ամյա Վահե Հակոբյանն իր հերթին հավելեց, որ առաջին փրկարար Դավիթը Սասունցի Դավիթն է եղել։ «Երկար ժամանակ համագործակցելով ակադեմիայի հետ՝ մենք ստեղծեցինք խաղեր նախադպրոցական տարիքի եւ տարրական դպրոցի երեխաների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցողների համար․ այս երեք խմբերն աղետների նկատմամբ առավել խոցելի են։ Գրեթե բոլոր մարզերում միջոցառումներ ենք իրականացրել։ Նպատակը մեկն է՝ ձեւավորել անվտանգության մշակույթ երեխաների եւ ծնողների գիտակցության մեջ»,- նշեց ներկայացուցիչը։

Նոր մեկնարկած ծրագրի տեւողությունը 18 ամիս է, առաջիկայում կլինեն միջոցառումներ՝ Փրկարարի, Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ։

ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ նոր համագործակցության մեկնարկը խորհրդանշական է, քանի որ համընկել է Մարդասիրության միջազգային օրվա հետ։ Տարիների փորձը ցույց է տվել՝ երեխաները վարժանքների շնորհիվ ավելի ուշադիր են դառնում, իրազեկված։ Անդրադառնալով կենտրոնի շենքի կառուցվածքային խնդիրներին՝ մեթոդիստը նկատեց, որ սանդուղքներն ու հիմնական դեկորացիաները փայտից են, ինչը հրդեհի վտանգ է ստեղծում։ Սակայն միաժամանակ գովելի է, որ տնօրինությունը, անվտանգության նորմերից ելնելով, հոգացել է առաջնային հրդեհաշիջման միջոցների՝  կրակմարիչների խնդիրը։

«Նման հանդիպումները սովորեցնում են արտակարգ իրավիճակներում գործելու բազային վարքականոն, երեխաներն սկսում են հասարակության հանդեպ հոգատար լինել, կարիքավորին ձեռք մեկնել։ Ամեն տարիքային խմբի համար ուսուցման առանձին մեթոդաբանություն ենք մշակել»,- մանրամասնեց ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանը։

ՃԿՊԱ դասախոս Անի Գեւորգյանի դիտարկմամբ՝ խաղային ուսուցման առավելությունը նրանում է, որ այն ոչ ֆորմալ է եւ սովորաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Բացի ոլորտի մասին հիմնական գիտելիքից՝ երեխաները նաեւ էկոլոգիական մտածողություն են ձեռք բերում, թե ինչու չի կարելի  բնությունն աղտոտել թղթե կամ ապակե թափոններով։

«Ինդիգո» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը ցանկություն հայտնեց ոլորտի մասնագետների օգնությամբ խորացնել ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ անձնակազմի իմացությունն ու հմտությունները, անցկացնել տարհանման վարժանքներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ