Օգոստոսի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում հերթական խորհրդակցության ժամանակ բնակչության պաշտպանությանը վերաբերող օրակարգային հարցերից զատ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախկին շրջանավարտներին, որոնք վերջին շրջանում ակտիվ կերպով դիմում են ներկայացնում՝ նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու նպատակով։

Կադրերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ընդունման հայտ է ներկայացրել ակադեմիայի 18-20 շրջանավարտ, որոնցից 4-ն ընդունվել է, 6-ի հայտադիմումին ընթացք է տրվել։ Մյուսները հավակնել են կոնկրետ պաշտոնի, սակայն թափուր հաստիքների բացակայության պատճառով դիմումները չեն բավարարվել։ «Նախարարության տարբեր կառույցներում ունենք խելացի մասնագետներ, որոնք ավարտել են ակադեմիան։ Բարձրագույն կրթությունը միայն դիպլոմը չէ։ Ոմանք պատրաստ են նույնիսկ հեռավոր համայնքներում աշխատել, միայն թե իրենց մասնագիտությամբ հմտանան։ Նման մարդկանց անհնար է չընդառաջել»,- նշեց վարչության պետը։

Ամեն տարի նախարարությունը հնարավորություն է տալիս նաեւ իրենց գիտելիքներով եւ մարդկային որակներով աչքի ընկած մասնագետներին բարձրացնել որակավորումը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության եւ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիաներում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ