Օգոստոսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեցին 6 մասնագիտության գծով առկա եւ հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելության քննությունները։ Հայոց լեզվի գրավոր աշխատանքները գնահատելու է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով հաստատված հայոց լեզվի առարկայական հանձնաժողովը։

Դիմորդներին բարի երթ մաղթեց ընդունելության հանձնաժողովի նախագահ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը: Քննությունն անցավ առանց միջադեպերի, բողոքարկման դեպքեր չգրանցվեցին։

ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանի խոսքով՝ թափուր տեղերի համար հայտագրման երկրորդ փուլը կմեկնարկի վաղը եւ կտեւի մինչեւ օգոստոսի վերջ։ Այս տարի դիմորդների մեծ հոսք կա հատկապես մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակում։ Դա պայմանավորված է երեք նոր՝ «Հոգեբանություն (աղետների հոգեբանություն)», «Նախնական զինվորական պատրաստություն» (կենսագործունեության անվտանգություն) եւ «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտությունների ներդրմամբ, ինչը հնարավորություն է տալիս ընդհանուր հոգեբաններին, ռազմագիտության ուսուցիչներին եւ ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների խորացնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության վերաբերյալ իրենց գիտելիքները։

«Դիմորդները հետաքրքրված են հատկապես մարդասիրական մասնագիտություններով, ինչպիսիք են հրդեհային պաշտպանությունը, փրկարարությունը, ճգնաժամային կառավարումը, քաղաքացիական պաշտպանությունը։ Ուրախալի է, որ մեր շրջանավարտները լավ մասնագետներ են դառնում, եւ գրեթե 95 տոկոսն իր տեղը գտնում է նախարարության տարբեր ստորաբաժանումներում»,- նշեց Հայկուհի Ղարիբյանը։

17-ամյա նոյեմբերյանցի Արթուր Աբազյանը փրկարարի ընտանիքից է։ Հայրը երկար տարիներ Նոյեմբերյանի ջոկատում է աշխատել, որդին որոշել է նրա հետքերով գնալ։ Փրկարար հորից սովորել է դժվարություններից չվախենալ, ամեն գնով օգնության ձեռք մեկնել դիմացինին։

Արցախաբնակ Լուսինե Եսայանը երեք զավակի է բարձրագույն ուսման տվել։ Հարյուրավոր կիլոմետրեր են կտրել, որպեսզի որդին եւ եղբայրը այսօր ժամանակին քննության ներկայանան։ «Մասնագիտության ընտրությունն իրենցն էր։ Արցախում կա՛մ զինվոր պիտի լինես, կա՛մ փրկարար։ Ակադեմիան մեզ մոտ բարի համբավ ունի, լավագույններից մեկն է համարվում։ Հուսով եմ՝ այստեղ ստացած կրթությունը կօգնի տղաներին հեշտությամբ աշխատանք գտնել»,- ասաց ծնողը։

Գնահատականները կհրապարակվեն օգոստոսի 9-ի առավոտյան։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ