Տեղեկացրել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմում նոր նշանակումների մասին:

ՃԿՊԱ պրոռեկտոր նշանակված փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը 2006 թվականից ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան էր: ԱԻՆ համակարգում է 1999 թվականից, աշխատանքը սկսել է արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գնդի ֆիզպատրաստության ծառայության պետի պաշտոնից: Հետո՝ քաղաքացիական պաշտպանության շտաբ, փրկարարական ուսումնական կենտրոնի պետ, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան: «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի պահեստային հրամանատարն է:

ՃԿՊԱ նոր պրոռեկտորի խոսքով, ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի փրկարար ծառայության ստորաբաժանումների եւ անձնակազմի որակների բարձրացմանը, աշխատանքների անվտանգության ապահովմանը, INSARAG-ի նոր մեթոդաբանության տեղայնացմանը, մարզային արագ արձագանքման ուժերի զարգացմանն ու առաջընթացին եւ այս ամենի ներդրմանը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կրթական ծրագրերում: Ակադեմիայի ուսանողները պիտի համաքայլ լինեն ժամանակի պահանջներին, կարծում է Գեւորգ Հովակիմյանը:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան նշանակված փ/ծ գնդապետ, դոցենտ Ռադիկ Մխիթարյանը ԱԻՆ համակարգում է 2000 թվականից: Դրանից առաջ Լուսակերտի մանկապատանեկան տուրիստական կայանի տնօրենն էր ու ալպինիստական եւ լեռնափրկարարական աշխատանքների հմտություններ ուներ: ԱԻՆ համակարգում աշխատանքը սկսել է արագ արձագանքման ջոկատների օպերատորի պաշտոնում, հետո՝ փրկարարական ուսումնական կենտրոնի հրահանգիչ, 2005-ից՝ ՃԿՊԱ դասախոս, փրկարարական ցիկլի պետ: «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»՝ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի պահեստային հրամանատարի տեղակալն է:

Փրկարարական ֆակուլտետի նոր դեկանի խոսքով, համակարգը գործող մեխանիզմ է, պետք է հետեւել ժամանակի պահանջներին, փոփոխություններին եւ ապահովել փրկարարի բարձր մակարդակ, սկսած փրկարարական նոր գործիքներին տիրապետելու ունակություններից, մինչեւ փրկարարական աշխատանքներին ներկայացվող նոր պահանջների իմացություն: Բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի մաքրության եւ անվտանգության գործում, կարծում է Ռադիկ Մխիթարյանը:

Հաջողություն եւ ստեղծագործ աշխատանք ենք մաղթում Գեւորգ Հովակիմյանին եւ Ռադիկ Մխիթարյանին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ