Հուլիսի 3-ին եւ 4-ին Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարում կազմակերպված «Պոչամբարի պատվարի վթարի դեպքում հակազդման գործողությունները եւ հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ տեղեկության տրամադրման արդյունավետությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ» դաշտային վարժանքին մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրով «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Սահակյանը: Լիլիթի մագիստրոսական թեզի թեման է «Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանի հանրապետությունում եւ պոչամբարների անվտանգ շահագործումը»: Ախթալայի վարժանքին մասնակցությունը ապագա մագիստրոսի համար շատ լավ հնարավորություն էր հարստացնել սեփական գիտելիքները:

Վարժանքը կազմակերպվել էր Գերմանիայի բնապահպանության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գործընկերներն են ՀՀ ԱԻ նախարարությունը եւ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն։

Մեզ հետ զրույցում Լիլիթ Սահակյանն ասաց, պոչամբարի պատվարի վթարի թեմայով դաշտային վարժանք Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Վարժանքին մասնակցում էին մարզի փրկարարները, ոստիկանները, բժիշկները, պետական կառույցների եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայացուցիչները: Լիլիթի խոսքով, տարբեր ծառայությունների միջեւ համագործակցությունը գոհացուցիչ էր, բոլորը գիտեին իրենց անելիքն ու քայլերի հաջորդականությունը, լարվածություն չկար: «Ցանկալի կլիներ, որ նման վարժանքներ հաճախ լինեին, ապագա մագիստրոսները մասնակցեին դրանց ու տեղում ամեն ինչ տեսնելու, «ձեռք տալու» հնարավորություն ունենային: Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել»,- նկատեց Լիլիթը:

«Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ մասնագետների վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցի նաեւ Լիլիթ Սահակյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ-ի