ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝

  1. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  2. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  3. Փրկարարական գործ
  4. Կառավարում (Ճգնաժամային կառա­վա­րում)
  5. Կիրառական սեյսմոլոգիա:

Կիրառական սեյսմոլոգիա մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 2,5 տարի է: Այս մասնագիտությամբ սովորողները մանկավարժական պրակտիկան իրականացնում են ակադեմիայում հարստացնելով եւ ամրապնդելով մասնագիտական գիտելիքները, կարողությունները, որոնք նպաստում են ինքնուրույն գիտական աշխատանքի կատարմանը եւ հետազոտությունների ու տեսական վերլուծության ունակությունների ձեւավորմանը: Պրակտիկան իրականացնում են նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, կապված սեյսմիկ վտանգի քարտեզագրման, GIS համակարգերի կիրառման, սեյսմիկ ռիսկերի մոդելավորման, սեյսմիկ ռիսկի գնահատման համար տեղեկատվական բազաների ձեւավորման, սեյսմիկ ռիսկի հետ կապված տեղեկատվության մշակման տեխնոլոգիաների կիրառման եւ այլ վերլուծական ու տեղեկատվական գործընթացների հետ, սեյսմիկ պաշտպանության ծառայության տարբեր ստորաբաժանումներում, ֆրանսիական սարքավորումներով հագեցած սեյսմիկ բազմաթիվ դիտակետերում, կապված սեյսմիկ իրավիճակը բնութագրող տվյալների գրանցման, մշակման գործընթացների հետ, Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում, որը տարածաշրջանային խոշոր գիտահետազոտական կենտրոն է եւ հագեցած է եզակի դեֆորմոգրաֆով, նորագույն թվային թեքաչափով եւ թվային նոր տեխնիկական սարքավորումներով, որոնց միջոցով ստացվում են ստորգետնյա ջրերի մակարդակի, հորատանցքի մթնոլորտային ճնշման ու ջերմաստիճանի տվյալները, ուսումնասիրվում անավարտ կամ ավարտուն երկրաֆիզիկական, հիդրոերկրաքիմիական, հիդրոերկրաբանական եւ այլ դաշտերի անոմալիաները, որոնք կարող են լինել սեյսմածին գործընթացների հետեւանք:

Սովորողները դիտարանում հնարավորություն կունենան նոր եւ ավելի հուսալի դիտարկումների հիման վրա հավաքագրել, մշակել ու գնահատել ՀՀ տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, առանձնացնել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, այն օգտագործելով տարածքի սեյսմիկ ռեժիմի եւ ռիսկի գնահատման գործառույթներում: Շրջանավարտներին կշնորհվի Երկրաբանության մագիստրոսի աստիճան:

Կիրառական սեյսմոլոգիա մասնագիտության ուսման վարձը 320 հազար ՀՀ դրամ է: Հեռակա ուսուցման համակարգում մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

 

  1. Ընդունելության դիմում – հայտ,
  2. Դիմում — հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր` ըստ ցանկության եւ մասնակցում մրցույթին,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  4. 4 լուսանկար (3×4 չափսի),
  5. Անձնագրի պատճեն:
  6. Սոցիալական քարտի պատճեն,
  7. Զինվորական գրքույկի բնաօրինակն ու պատճեն (առկայության դեպքում):