ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավելի քան 1500 շրջանավարտին այսօր միացան եւս 188: ՃԿՊԱ միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն» եւ այլն մասնագիտությունների գծով եւս 188 մարդ դիպլոմ ստացավ, որից 19-ը` գերազանցության:

Առաջին անգամ շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսությունն անցկացվում էր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պատերից դուրս, ակադեմիայի դահլիճից մեծ` «Առնո Բաբաջանյան» սրահում` հյուրերը, փրկարարի դժվար ու պատվաբեր գործը սկսողներին շնորհավորողները շատ էին. արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարներ, դասախոսներ, ծնողներ, հարազատներ, ընկերներ: Մարդկանց փրկելու եւ օգնելու կարողությունն ամենքին տրված չէ:

Հայկական երգուպարով, «Աղետիկ» ներկայացմամբ, փրկարարի աշխատանքի մասին տեսաֆիլմի ուղեկցությամբ անցած հանդիսության ժամանակ դիպլոմավորված մասնագետները երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարար համակարգում գործունեության, երդվում եմ. բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները, անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից եւ կրոնական դավանանքից, հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար, ամբողջ ուժով օժանդակել ԱԻՆ համակարգի զարգացմանը, պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրն ու բարձր պատիվը: Երդվում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը»:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը շնորհավորելով շրջանավարտներին նկատեց, որ ակադեմիայի դիպլոմը կդառնա հետաքրքիր եւ հաղթական ճանապարհի սկիզբ: «Թող ազատությունը միշտ ուղեկցի ձեզ եւ իրականություն դառնանն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ կապված ձեր բոլոր նպատակները: Ակադեմիան կյանքի նոր փուլ է ուղարկում պատրաստված մասնագետների», — ասաց Արա Նազարյանը:  ԱԻ նախարարի հանձարարությամբ ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվելու առաջնահերթություն ունեն ակադեմիան գերազանց եւ լավ ավարտած շրջանավարտները:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էլ արձանագրեց, շրջանավարտները ակադեմիայում ձեռք են բերել գլխավորը` բարություն: Ու հենց այս որակի շնորհիվ ակադեմիայի շրջանավարտը կդառնա ոչ թե ապտակող, այլ ապտակ ստացածին օգնող, կսիրի իր հողը, կծառայի իր հայրենիքին, կպաշտպանի մեր մայրերին ու քույրերին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ