ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝

  1. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  2. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  3. Փրկարարական գործ
  4. Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
  5. Կիրառական սեյսմոլոգիա:

Կառավարում (Ճգնաժամային կառա­վա­րում) մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 2,5 տարի է: Այս մասնագիտությամբ շրջանավարտներին կշնորհվի կառավարման մագիստրոսի աստիճան:

Կառավարում (Ճգնաժամային կառավարում) մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի բոլոր ստորաբաժանումների, տարածքային կառավարման մարմինների, աղետների ռիսկերի կառավարման հետ առնչվող պետական եւ ոչ պետական կազմակերպությունների, դրանց ստորաբաժանումների, միջազգային եւ այլ կազմակերպությունների համար միջառարկայական գիտելիքներով եւ հմտություններով օժտված կառավարման մագիստրոսի աստիճանով մասնագետներ, որոնք ունակ կլի­­նեն կատարել հետազոտական աշխատանքներ աղետների ռիսկերի կառավարման նպատակով կառավարչական, կազմակերպչական, վերահսկողական, տնտե­սա­կան, տեխնիկական ապահովման, տեխնոլոգիական, ֆինանսական, տեղեկատվական, վերլուծական եւ այլ ուղղությաններով:

Հիշյալ մասնագիտությամբ սովորողը ձեռք կբերի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական դաշտը (օրենքներ, կառավարության որոշումներ, նորմատիվային ակտեր, միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, միջպետական համաձայնագրեր եւ այլն), մեթոդական նյութերը վերլուծելու եւ մեկնաբա­նելու մասնագիտական կարողություններ, կուսումնասիրի արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանն առընչվող գործող չափորոշիչները, այդ բնագավառին յուրահատուկ տեխնիկական եւ տեղեկատվական միջոցները, սարքավորումները, ռիսկերի նվազեցման եւ հետեւանքների վերացման նոր տեխնոլոգիաները, աղետների ռիսկերի գնահատման ժամանակակից մեթոդները, վտանգների եւ ռիսկերի թվայնացված քարտեզների մշակման մեթոդաբանությունը եւ այլն:

Ուսման վարձը 320 հազար ՀՀ դրամ է: Հեռակա ուսուցման համակարգում մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

Ընդունելության դիմում — հայտ։ Դիմում — հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր` ըստ ցանկության եւ մասնակցել մրցույթին։

  1. Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  2. 4 լուսանկար (3×4 չափսի),
  3. Անձնագրի պատճեն,
  4. Սոցիալական քարտի պատճեն,
  5. Զինվորական գրքույկի բնագիր ու պատճեն (առկայության դեպքում):