Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի նիստը: Ամփովեցին 2017-2018 ուսումնական տարվա քննաշրջանը, առաջիկա անելիքները:

2017-2018 ուսումնական տարվա Ամփոփիչ ատեստավորման մանրամասները ներկայացրեց ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը: Այժմ ակադեմիայում սովորում է 855 ուսանող:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները մշակել են եւս 15 նոր ձեռնարկ: Գիտխորհուրդը երաշխավորեց դրանք հրատարակումը: Սրանք դասախոսներին, ուսանողներին, ակադեմիայում վերապատրաստվողներին օգնող գրքեր են: Թեմաները բազմազան են. փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքներ, որոնողափրկարարական աշխատանքներ միջազգային արձագանքում, հրդեհաշիջման առաջնային միջոցներ եւ տեխնիկական համալրվածություն, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ոլորտի բառերով անգլերեն տեքստերի ձեռնարկ եւ խնդիրներ, ջերմատեխնիկա, հավանականությունների տեսություն, քաղաքացիական պաշտպանության մարտավարություն, շինարարական նյութերի հրդեհավտանգավորություն եւ այլն:

Անցած տարի դեկտեմբերին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով։ Նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։ Դրանից հետո ՃԿՊԱ-ում սկսվել է հեռավար ուսուցման համակարգի ներդրումը: Մոտ օրերս կսկսվի առաջին փորձնական ծրագիրը: Այդ մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ