ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝

  1. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  2. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  3. Փրկարարական գործ
  4. Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
  5. Կիրառական սեյսմոլոգիա:

Փրկարարական գործ մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 2,5 տարի է: Փրկարարական գործ մասնագիտությամբ անվտանգության մագիստրոսի որակավորմամբ շրջանավարտը կարող է զբաղեցնել.

  1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր խմբերի պաշտոններ (կրտսեր, միջին, ավագ, գլխավոր) եւ կարող է ծառայել որպես սպա, փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում, հրշեջ-փրկարարական ջոկատներում եւ այլն,
  2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում եւ ենթակա կառույցներում եւ պետական կառավարման մարմինների եւ քաղաքային համայնքների համապատասխան ստորաբաժանումներում մասնագետի պաշտոններ,
  3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ամբիոններում դասախոսի հաստիք:

Ավարտելով «Փրկարարական գործ» մասնագիտությունը մագիստրոսը կարող է իրականացնել վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ հավանական արտակարգ իրավիճակի եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ այլ աշխատանքների նկարագրման, գնահատման եւ հնարավոր զարգացումների ուղղությամբ: Հիշյալ որակավորում ունեցող մագիստրոսը կարող է տիրապետել տեղեկատվության հավաքման, պահպանման եւ մշակման համակարգչային մեթոդներին, ոլորտին վերաբերող ժամանակակից տեսություններին, հետազոտությունների պլանավորման, կազմակերպման եւ ղեկավարման, որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքների գնահատման, փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ախտորոշման, մոնիտորինգի եւ գործընթացի արդյունքների կանխատեսման մեթոդներին, քաոսի կառավարման մեխանիզմներին, կապված արտակարգ իրավիճակների առանձնահատկությունների հետ:

Ուսման վարձը 320 հազար ՀՀ դրամ է: Հեռակա ուսուցման համակարգում մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

  1. Ընդունելության դիմում — հայտ։ Դիմում — հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր` ըստ ցանկության եւ մասնակցել մրցույթին։
  2. Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  3. 4 լուսանկար (3×4 չափսի),
  4. Անձնագրի պատճեն,
  5. Սոցիալական քարտի պատճեն,
  6. Զինվորական գրքույկի բնագիր ու պատճեն (առկայության դեպքում)