ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝

  1. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  2. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  3. Փրկարարական գործ
  4. Կառավարում (Ճգնաժամային կառա­վա­րում)
  5. Կիրառական սեյսմոլոգիա:

 

Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն) մասնագիտությամբ կարող են ընդունվել նաեւ այլ ոլորտների  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները: Ի տարբերություն այլ մասնագիտությունների նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն) մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 1,5 տարի է, ինչը հնարավորություն կտա զինղեկներին, ովքեր չունեն մանկավարժական կրթություն, կարճ ժամանակում ստանալու մասնագիտական  համապատասխան որակավորում:

Նման մասնագետներ կարող են լինել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության եւ այլ գերատեսչությունների պահեստազորի այն սպաները, ովքեր կենսաթոշակի են անցել ՀՀ օրենքով նախատեսված ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ մինչեւ 63 տարեկան հասակը լրանալը կարող են աշխատել հանրակրթական դպրոցներում որպես զինղեկ: Ընդ որում ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1931-Ն որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցի զինղեկն անպայման պետք է ունենա սպայական կոչում: Սույն մագիստրոսական ծրագիրը սպաներին կօգնի վերաորակավորվելու մանկավարժական աշխատանքի անցնելու՝ հիմնական եւ ավագ դպրոցներում որպես «Նախնական զինվորական պատրաստություն եւ կենսագործունեության անվտանգություն» առարկայի ուսուցիչ աշխատելու համար:

Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն) մասնագիտությամբ սովորող մագիստրանտները կուսումնասիրեն եւ ամրապնդեն իրենց գիտելիքներն առաջին հերթին կենսագործունեության անվտանգության, ինչպես նաեւ բնակչության անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակներում կենսագործունեության անվտանգության չափանիշների ուղղությամբ: Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն) մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 1,5 տարի է: Շրջանավարտներին կշնորհվի մանկավարժության մագիստրոսի աստիճան:

Ուսման վարձը 320 հազար ՀՀ դրամ է: Հեռակա ուսուցման համակարգում մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

  1. Ընդունելության դիմում – հայտ,
  2. Դիմում — հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր` ըստ ցանկության եւ մասնակցում մրցույթին,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  4. 4 լուսանկար (3×4 չափսի),
  5. Անձնագրի պատճեն:
  6. Սոցիալական քարտի պատճեն,
  7. Զինվորական գրքույկի բնաօրինակն ու պատճեն (առկայության դեպքում):