2017-2018 ուսումնական տարում ակադեմիան շրջանավարտեց 188 ուսանող: Ակադեմիայում ամփոփիչ ատեստավորման քննությունները մեկնարկել էին 2018 թվականի մայիսի 3-ին:

ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, ամփոփիչ ատեստավորման որակավորող հանձնաժողովները 148 շրջանավարտի շնորհել են բակալավրի աստիճան, առկա եւ հեռակա ուսուցման վեց մասնագիտությունների գծով (որից 9-ը գերազանցությամբ) եւ 40 շրջանավարտի հրդեհային պաշտպանության մասնագետի եւ արտակարգ իրավիճակների կառավարման մասնագետի որակավորում (միջին մասնագիտական կրթական ծրագրի երկու մասնագիտության գծով, որից 10-ը գերազանցությամբ):

Քննություններին չի մասնակցել 5 ուսանող, եղել են նաեւ անբավարար գնահատականներ:

Ամփոփիչ ատեստավորման համար ակադեմիայում ստեղծված էին բոլոր պայմանները, քննական հոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որի շնորհիվ հնարավոր եղավ առավել ստույգ գնահատել թողարկվող մասնագետների գիտելիքների եւ գործնական կարողությունների` կրթական վերջնարդյունքներին համապատասխանության աստիճանը: Ամփոփիչ ատեստավորման որակավորող հանձնաժողովները հիմնականում գոհ էին ուսանողների պատրաստվածության մակարդակից, քննական տոմսերի հարցերին տրված տրամաբանական, իարժեք պատասխաններից: «Ուրախությամբ պետք է նշել որ ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների շուրջ 85 %-ը կրթությունը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի, իսկ բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների շուրջ 20 %-ը` մագիստրոսի կրթական ծրագրում: Հեռակա ուսուցման շրջանավարտների շուրջ 80 %-ն աշխատողներ են, որից 30%-ը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի կազմակերպությունների, ովքեր կրթությունը հաջողությամբ զուգակցում են աշխատանքին: Շրջանավարտներից շատերն ակադեմիային հրաժեշտ են տալիս հուզմունքով, ինչը փաստում է նաեւ մասնագետների պատրաստման հարցում ակադեմիայի հետեւողական աշխատանքի, նրանց մասնագիտական կայացման հաջող սկզբի մասին: Յուրաքանչյուր քննության արդյունքների ամփոփման ավարտից հետո լսվում էին ուսանողների շնորհակալական ելույթներն իրենց մասնագիտական կայացման գործընթացում ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական եւ պրոֆեսիոնալ մանկավարժական  աշխատանիքի մասին: Հպարտությամբ ենք հեռանում մեր Ակադեմիայից, քանի որ այստեղ ստացել ենք արդիական եւ արժեքավոր մասնագիտական գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, որոնք կօգտագործվեն  մասնագիտական գործունեության ժամանակ», — մեզ հետ զրույցում ասաց պրոռեկտորը:

Ակադեմիայի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերում բոլոր մասնագիտությունների գծով ուսուցումը կազմակերպվում  է կրեդիտային համակարգով, որի ներդրումը պայմանավորված է Բոլոնիայի գործընթացի պահանջներով: Միաժամանակ սկսվել է ուսանողակենտրոն ուսուցման կազմակերպումը՝ ուսուցման գործընթացի կենտրոնում ուսանողն է իր անհատական կրթական պահանջմունքներով, նախասիրություններով եւ ընդունակություններով:

Կրեդիտային համակարգը ներառում է ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային պահանջների հաշվառումը՝ ուսանողների հաճախումներ, ակտիվություն, միջանկյալ քննություններ, անհատական աշխատանքներ եւ այլն. «Իմ կարծիքով, ակադեմիան հնարավոր ամեն ինչ արել է որակյալ մասնագետների պատրաստման գործընթացը պետության, հասարակության, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կազմակերպելու, թողարկվող շրջանավարտներին գիտելիքների պատշաճ մակարդակով, աշխատանքային կարողություններով զինելու ուղղությամբ, որոնք համահունչ են արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի դժվարին ու պատասխանատու առաքելությանը:

Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք նորանոր հաջողություններ, ամբողջ կյանքում մասնագիտական հմտությունների կատարելագործման կորով, մեր երկրին արժանի քաղաքացու արժանապատվություն»:

Ակադեմիայի ղեկավարությունը հայտարարում է, միշտ պատրաստ է աջակցել շրջանավարտներին՝ մասնագիտական զարգացման գործում եւ հույս ունի, որ ակադեմիայի շրջանավարտը հպարտ է այս բուհի սանը լինելու համար:

Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա այցի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ «Լավ ակադեմիա ունենք, որի ռեսուրսը ամբողջությամբ չի օգտագործվում: Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում կադրային քաղաքականության շրջադարձ է լինելու, համակարգի ստորաբաժանումներում հաստիքներ համալրելիս նախապատվությունը տալու ենք ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ