Սույն թվականի մայիսի 22-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ՔՊ-17 և ՀՊ-17 խմբերում Բնական գիտությունների ամբիոնի բնապահպանություն առարկայի դասախոս  Սաթենիկ Բակունցը հրավիրված բանախոսի` Հայկանուշ Պարսամյանի (ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, փաստաբանների պալատի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական իրավունքի դասախոս) հետ անցկացրել են դասախոսություն՝ նվիրված Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիային:

Հրավիրված բանախոսն ուսանողներին ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի հիմնական դրույթները, ծանոթացրեց Հայաստանում բնապահպանական իրավունքի ժողովրդավարության վիճակին՝ կարևորելով հասարակական հանրությանը բնապահպանական տեղեկատվության հասանելիությունը և որոշումների կայացմանը նրանց մասնակցությունը: Դասախոսության ընթացքում շեշտադրումներ արվեցին կոնվենցիայի համապատասխանությանը կոմիտեի կողմից կիրառվող մեխանիզմների վրա, որոնք հնարավորություն են տալիս երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումն առավել վերահսկելի դարձնել: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում Օրհուսի կոնվեցիայի շրջանակներում իրականացված օրենսդրական և կանոնակարգերի ստեղծմանն ու դրանց պահպանմանը:

Բանախոսի հետ երկխոսության ընթացքում որոշ ուսանողներ ներկայացրեցին իրենց բնակավայրերում առկա բնապահպանական խնդիրներն և հարց ու պատասխանի օգնությամբ ամփոփեցին ձեռք բերած գիտելիքը: