ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, այսօր ակադեմիայում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերով «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում» մասնագիտություններով սովորող 16 ուսանող:

Խաղի թեման հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային չորս իրադարձություն էր. Ավարայրի ճակատամարտ, Մայիսյան հերոսամարտեր, Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում:

Հարցերը մշակել էր ակադեմիայի առկա ուսուցման գծով դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը: Խաղ-մրցույթի ժյուրիի անդամներն էին. ակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր Կարինե Ոսկանյանը, փրկարարական ամբիոնի վարիչ Կարեն Զիրաքյանը, առկա ուսուցման գծով դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը:

20 հարցին առավելագույն ճիշտ պատասխաններ տվեց «Փրկարարական գործ» թիմն ու ճանաչվեց հաղթող:

Խաղ-մրցույթի ավարտին ընտրվեց ինտելեկտուալ հաջորդ խաղ-մրցույթի թեման՝ Ուրարտու եւ Էրեբունի-Երեւան:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ