Մայիսի 14-18 ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» տեսա-գործնական վերապատրաստման, որակավորման դասընթաց, որին մասնակցում էին Սյունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ ընդամենը 15 հոգի:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանի խոսքով, ողջ դասընթացը 40 ժամ էր, որից 16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական: Դասընթացի թեմաներն են՝ «Շինարարական կառուցվածքների կայունացման աշխատանքների ժամանակ առկա վտանգները», «Կայունացման համակարգի սահմանում եւ կիրառում», «Կայունացման համակարգի տերմիաբանություն», «Կայունացման համակարգի միացումներ», «Կայունացման համակարգի փայտանյութի ընտրման եւ նախապատրաստման, կտրման հաշվարկներ»:

Վերապատրաստման դասընթացը եւ արդյունքների ամփոփումը որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ (The International search and rescue advisory group` INSARAG) չափանիշներով է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի՝ այս տարվա հունվարի 18-ի թիվ 40 հրամանով 2018 թվականին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կվերապատրաստվի փրկարար ծառայության 250 ծառայող:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ