Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներն ու ուսանողները հանդիպեցին ամերիկահայ, կյանքի ուսուցիչ Նազենի Դաբաջյանի հետ: Սա համեմատաբար նոր մասնագիտություն է: Կյանքի ուսուցիչը փորձում է մարդուն սովորեցնել ինչպես հաջողակ լինել, ինչ է սխալ կամ որն է խոչընդոտը, որ մարդը հաջողության չի հասնում, ինչպես անել, որ մարդը չդառնա սեփական մտքերի գերին, չկաշկանդի ինքն իրեն:

Ավելի քան մեկ ժամ տեւած երկխոսության ժամանակ շոշափվեցին բազմաթիվ թեմաներ. Աստծո պատվիրաններից մինչեւ հոգեւորականի աշխարհիկ վայելքներին տրվելու գայթակղություններ:

Մարդը հոգի ունի, ներքին ԵՍ, Աստծո շունչ: Պետք է ներդաշնակ ապրես Տիեզերքի հետ, հասկանաս Տիեզերքի օրենքները, ստեղծես քո կյանքը, ապրես ներսից դուրս՝ քո կարծիքով ու համոզմունքներով, ոչ թե դրսից ներս՝ եթե սա անեմ, տեեսնես մարդիկ ինչ կասեն: Ըստ Նազենի Դաբաջյանի, պետք է շնորհակալ ու գոհ լինես, չկենտրոնանաս պակասների ու բացերի վրա, երջանիկ լինես ներսից ու դա կբերի երջանկության նաեւ դրսում: Լավ կլինի եթե մշտապես հիշեց Մարթին Լյութեր Քինգի խոսքը. «Ես երազանք ունեմ»: Այլ խոսքով՝ մտքում ինչ կառուցում ես, այն էլ ստանում ես:

Հանդիպման ավարտին ձեւակերպվեց, պատկերավոր ասած, ապրելու բանաձեւը. «Պետք չէ թույն խմել՝ հույսով, որ դրանից կմահանա դիմացինը»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ