Շուտով լույս կտեսնի «Փրկարարական աշխատանքների կազմակերպում» խորագրով ձեռնարկի առաջին համարը, որն անդրադառնում է տարբեր վնասվածքներով տուժածներին պարանային տեխնիկայով իջնեցնելու փրկարարական գործողություններին։ Հեղինակներն են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական կենտրոնի դասախոս, «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար, միջազգային կարգի փրկարար Արմեն Առաքելյանը, ուսումնական մասի ղեկավարի տեղակալ, 2-րդ կարգի փրկարար Կարեն Սարուխանյանը, հրահանգիչ-դասախոս Մեսրոպ Հովհաննիսյանը։

Ուղեցույցի ստեղծման միտքը ծնվել է ուսումնավարժությունների ժամանակ արձանագրված թերություններից: Նպատակն է ջոկատներին ուսուցանել անվտանգության ապահովման առաջնահերթ եւ արդյունավետ միջոցները։ «Առկա գրականությունն ընդհանուր փրկարարական աշխատանքների եւ գործիքների վերաբերյալ է, որը չի մանրամասնում կոնկրետ իրավիճակներում գործելու վարքականոնը։ Մի բան է ճանապարհին վթարված մեքենային օգնության հասնելը, այլ բան՝ կամրջից կախված լինելու եւ ձորն ընկնելու դեպքում։ Նույնկերպ տարբեր են տուժածին իջեցնելու եւ բարձրացնելու մոտեցումները։ Ուղեցույցի հիմքում «Լոռէ» փրկարար ջոկատի փորձն է, միջազգային մասնագետների անցկացրած դասընթացների եւ վարժանքների արդյունքները, համացանցում առկա նյութերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձեռնարկը ներառել ակադեմիայի կրթական ծրագրերում, իսկ մոդուլների ամբողջական փաթեթը տրամադրել փրկարարական ստորաբաժանումներին»,- ասաց Արմեն Առաքելյանը։

Տարիներ առաջ՝ «Գյումրի 98» միջազգային վարժանքի ժամանակ, տուժածին պարանով իջեցնող փրկարարը վայրէջքի գործիքներով աշխատելու ժամանակ վտանգի մեջ էր հայտնվել, մեծ ծանրաբեռվածությունից պարանը վնասվել էր։ Բարեբախտաբար անվտանգությունն ապահովող նրա ընկերը հասկացել էր իրավիճակն ու ժամանակին միջամտել: Մասնագետի խոսքով՝ ձեռնարկում մատնանշվում են նմանատիպ սխալները, որոնք կարող են ճակատագրական լինել։

Ներկայումս Կարմիր Խաչի հայկական ընկերությունը Երեւանում եւ չորս մարզում արագ արձագանքման թիմեր է պատրաստում: Ուսուցման ավարտական փուլը փրկարարական գործի ուսումնասիրությունն է, մասնավորապես՝ պարանային միջոցներով։ Ուղեցույցում շարադրված մեթոդները արագ արձագանքման թիմերին կներկայացնեն «Լոռէ» ջոկատի հրահանգիչները։

«Փրկարարական աշխատանքների կազմակերպում» ձեռնարկների հաջորդ համարում կխոսվի տրանսպորտային տարբեր պատահարների մասին։ Ձեռնարկները հասանելի կլինեն ոչ միայն տպագրված՝ թղթային տարբերակով, այլ նաեւ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի պաշտոնական կայքի էլեկտրոնային գրադարանում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ