Մայիսի 10-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզահամալիրում կայացավ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական հերթական մարզական առաջնությունը, որին մասնակցում էր 12 թիմ։ Նման առաջնություններ անցկացվում են 2013 թվականից, այս տարվա ծրագրում փոփոխություններ կային․ 12-16 տարիքային խմբի մասնակիցները հանդես եկան պտտաձողի վրա ձգումներ՝ կախ դրությունից, հրում հատակից՝ պառկած դրությունից, փոխանցումավազք 4 x 400 մ, մարտական հագուստ-հանդերձանքի հագնում, համալիր վարժություն մրցաձեւերում։

Հաղթեց Արարատի մարզային թիմը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Լոռու մարզի եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի հավաքականները։

Մասնակիցներն անկեղծացան՝ մրցաշարը լավագույնս ցույց տվեց յուրաքանչյուրի հնարավորությունը, սովորեցրեց գնահատել թիմային աշխատանքը, սպորտի ոլորտում նոր ձեռքբերումների խթան դարձավ։

Վայոց Ձորի մարզից Հրայր Բաբայանն աչքի ընկավ իր ճարպկությամբ մարտական հագուստը հագնելու երկու մոտեցումներում։ Ապագա ֆուտբոլիստ է․ մարզում սպորտային կարիերա ստեղծելը դժվար է, այդ պատճառով որոշել է ընդունվել երեւանյան ֆուտբոլային ակումբներից մեկը։ Թեեւ փրկարարական գործը շատ է սիրում, սակայն վստահ է՝ մեծ սպորտը ոչ մի այլ մասնագիտության հետ համատեղելի չէ։

Շիրակի մարզի ներկայացուցիչ, տասներորդ դասարանցի Բաբկեն Գրիգորյանը առողջ ապրելակերպի մեծ ջատագով է․ առավոտյան վազում է բակում, հեծանիվ քշում։ Ապագայում իրեն փրկարարի համազգեստով է տեսնում։ «Առաջնությանը երկու ամսում ենք պատրաստվել։ Մարզիկների ընտրությունն այնպես ենք արել, որ տրանսպորտի խնդիր չառաջանա, պարապմունքներին պարտաճանաչ հաճախեն։ Այս շրջանում մեր երեխաները նաեւ ավարտական քննությունների էին պատրաստվում․ չնայած դրան՝ աղջիկ թե տղա մարզումներին ամենայն լրջությամբ էին վերաբերվում»,- ասաց Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արսեն Ադամյանը։

Երեւանի փրկարարական վարչության Ավանի բաժնի հրդեհաշիջման ապահովման հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հայկ Մանուկյանը նկատեց՝ Ավանի թիմի երեխաները շատ ընդունակ են եւ տրամաբանող, ինչը դրսեւորվել է հատկապես կողմնացույցի միջոցով հորիզոնի կողմերը եւ ազիմուտի աստիճանը որոշելիս։ Նրանց մեջ կան նաեւ պրոֆեսիոնալ մարզիկներ։

Շենգավիթի բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գեւորգյանի խոսքով՝ երկրում ընթացող քաղաքական իրադարձությունների ֆոնին չէին հասցրել լիարժեք պարապմունքներ անցկացնել, սակայն երեխաների աշխատասիրության շնորհիվ կարողացան լավ արդյունքի հասնել։ «Շատերն ընդգրկված են դպրոցի հրդեհաշիջման կազմավորումում։ Այս տարի ինձ զարմացրին հատկապես աղջիկները․ նրանք նույնիսկ պատրաստակամություն էին հայտնել տուժածին պատգարակով տեղափոխել, սակայն տղաներն առարկել էին»,- ժպիտով նշեց փրկարարը։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը պատմեց պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլում նորամուծության մասին: Լավագույններն ընտրվել են վեց թիմի միջեւ առանձին առաջնության արդյունքներով։ Չնայած համալիր վարժության դժվարություններին՝ փողրակի բացազատում, ազիմուտի որոշում, երեխաները բավականին պատրաստված էին ներկայացել, մեծ պատասխանատվությամբ պատգարակով տարհանել տուժածին՝ այն դեպքում, երբ մարզումների ժամանակ տուժածի դերում մանեքենն էր։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մրցաշարին ակտիվ մասնակցություն ունեցան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները, որոնք «Համալիր վարժություն» մրցաձեւում հավասարը չունեին։ Ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը մանրամասնեց՝ հավաքականը ստեղծվել է՝ հաշվի առնելով մասնակիցների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները, ինչպես նաեւ թիմում աշխատելու ունակությունը։ Բացի առաջնության հիմնական նպատակից՝ զարգացնել երիտասարդ սերնդի ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը, մասնագետը կարեւորեց նաեւ տարբեր մարզերի պատանի հրշեջ-փրկարարների միջեւ բարեկամական կապ ստեղծելը, որի լավագույն տարբերակը միասնական հավաքույթը կլինի։ Արտակ Էլմասակյանը նաեւ կատակով վերհիշեց, որ նախորդ տարիներին պատանի հրշեջ-փրկարարների Հայաստանի թիմում ընդգրկված ՃԿՊԱ տղաները հատուկ հեղինակություն էին վայելում օտարերկրյա աղջիկների շրջանում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ