Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կրթական ծրագրերի կարեւոր բաղադրիչներից է արտադրական պրակտիկան, այդ իսկ պատճառով տարեցտարի համալրվում է այն կառույցների եւ կազմակերպությունների ցանկը, որտեղ ուսանողները ձեռք են բերում նեղ մասնագիտական գիտելիքներ։

Ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ այս տարի «Ճգնաժամային կառավարում» բաժնի բակալավրիատի չորս շրջանավարտ մեկամսյա արտադրական պրակտիկայի շրջանակում հնարավորություն են  ունեցել այցելել ՀՀ ազգային ժողով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ, մասնակցել Արարատի մարզի Այգեզարդ համայնքի նախակրթարանի աղետների ռիսկերի կառավարման պլանի նախագծի մշակմանը։ «Ուսանողների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով առաջադիմությունը, հասարակական կյանքին եւ բուհական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը, գրադարանից օգտվելու հաճախականությունը։ Շոշափելի արդյունքի դեպքում հետագայում կավելացնենք ուսանողների քանակը»,- ասաց պրոռեկտորը։

Արտակ Գեւորգյանը, Լիլիա Ներսիսյանը, Գեղեցիկ Արմենակյանը եւ Արմինե Իսրայելյանը հատկապես տպավորված էին ԱԺ այցից։ Մարտի 19-21-ը ուսանողները ծանոթացել են պաշտպանության եւ անվտանգության, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովների կազմին, գործունեությանը, քննարկել համայնքների խոշորացման արդյունքները, թերություններն ու առավելությունները,  հետեւել ԱԺ նիստի, եղել ԱԺ գրադարանում, տեղեկացել գրականության ցանկին եւ գրադարանից օգտվելու կարգին։

Պրակտիկայի ավարտին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լսել է ուսանողների առաջարկները, մասնավորապես՝ ԱԺ-ում տարհանման պլանների ավելացման վերաբերյալ, ինչպես նաեւ ցանկություն հայտնել հաջորդ տարի ավելի մեծ թվով երիտասարդ մասնագետների ընդունել ԱԺ-ում։  Հունիսին Հայաստանում կկայանա աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված տարածաշրջանային պլատֆորմ, որի շրջանակում ուսանողներից մեկը ոլորտի հիմնախնդիրների շուրջ ԱԺ ամբիոնից խոսելու հնարավորություն կունենա։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի փորձագետները մանրամասնել են կազմակերպության ծրագրերը՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման ազգային հնարավորությունների ամրապնդմանը, Հայաստանի լեռնային լանդշաֆտներում հողերի եւ անտառների կայուն կառավարման համակարգի ներդրմանը, գյուղերի դիմակայունության ձեւավորմանը եւ այլ հարցերի։ Սահմանամերձ գյուղերում տնտեսական բարելավման ծրագրի քննարկումից հետո մարզաբնակ ուսանողները ներկայացրել են իրենց համայնքների զարգացման տեսլականը։  «Ցանկացած համայնք ունի իր բնորոշ խնդիրը, ստացած գիտելիքս կիրառելու եմ իմ միջավայրն ավելի անվտանգ դարձնելու համար»,- նշեց Լիլիան։

Պրակտիկայի համար նախատեսված հաջորդ վայրը Երեւանի մետրոպոլիտենն էր, որը, Գեղեցիկի խոսքով, իր հնությամբ ժամանակի մեքենայի է հիշեցնում։ Շրջանավարտները հետեւել են գնացքի երթուղուն դեպի փակուղի եւ հետադարձ ճանապարհով, ծանոթացել կառույցի տարհանման եւ պատսպարման պլաններին, աղետի դեպքում շարժասանդուղների աշխատանքին, սովորել կրակմարիչների օգտագործման կանոնները։

Եղել են այցեր նաեւ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ, Հայաստանի ատոմային էլեկտրակայան, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, Ազատի ջրամբար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ