ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել են ամփոփիչ ատեստավորման քննությունները: Ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, 2017-2018 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա կրթության վեց մասնագիտության գծով ակադեմիան ավարտում է 167 շրջանավարտ (115-ը՝ հեռակա, 52-ը՝ առկա), միջին մասնագիտական կրթական ծրագրով, երկու մասնագիտության գծով՝ 41 շրջանավարտ:

ՃԿՊԱ-ում բոլոր մասնագիտությունների գծով կազմակերպվել է ամփոփիչ ատեստավորման երկու փնջային-հավաքական քննություն: Քննական հարցաշարերում կան հարցեր մի քանի առարկաներից. մի քննությունը՝  մասնագիտական, մյուսը՝ ոլորտային:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է, տեղակալը՝ ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ Համլետ Մաթեւոսյանը: Առարկայական հանձնաժողովներում ներգրավված են մասնագետներ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, արտակարգ իրավիճակների նախարարությունից, այլ բուհերից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ