Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները վերապատրաստման երկօրյա սեմինար կանցկացնեն Հայաստանի եւ Արցախի հոգեւորականների, ուսուցիչների, հիմնադրամի սոցիալական կենտրոնի աշխատակիցների համար՝ ընդհանուր 22 հոգի, որից 12-ը՝ հոգեւորական Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից:

Հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովայի խոսքով, այս մարդկանց համար առաջին անգամ ճգնաժամային կառավարման թեմաներով վերապատրաստում կազմակերպվել է 2007 թվականին, հետո՝ 2010-ին եւ վերջ:

Հիմնադրամը մարդասիրական կազմակերպություն է եւ աշխատում է եկեղեցու հետ, եկեղեցու միջոցով՝ մարդկանց համար: Վերապատրաստված հոգեւորականը, ուսուցիչն ու սոցիալական աշխատռողը արտակարգ իրավիճակներում գործելու գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն այն մարդկանց ում հետ աշխատում են,  ում հետ մշտական կապի մեջ են:

ՃԿՊԱ մասնագետները կխոսեն մի շարք հարցերից. Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները, մարդասիրական օգնության չափանիշներն ու կարգերը, կապի և ազդարարման կազմակերպումը, բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարհանման կարգը: Կլինեն նաեւ թեստային եւ խմբային աշխատանքներ:

Եկեղեցիների համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամում կուզենային, որ նման վերապատրաստումներ էլի լինեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ