«Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության» անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մարտի մեկին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը (World Civil Defence Day): Օրվա առիթով փրկարարական գույքի ցուցադրություն եւ պարանային տարհանում էին կազմակերպվել Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: Նախաձեռնության հեղինակը դպրոցն էր, միջոցառումն իրականացնողը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետը:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառմանը մասնակցում էր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավելի քան 10 մսանագետ, դպրոցը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ դպրոցի ամբողջ անձնակազմն ու աշակերտները: Ներկայացված էր բազմազան փրկարարական գույք. ջրափրկարարների հանդերձանքից մինչեւ փլատակները կտրող գործիքներ, գիշերային ժամերին աշխատելու համար լուսային աշտարակ եւ այլն:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սամվել Շահմուրադյանի խոսքով, նման միջոցառումներ ՃՊԿԱ մասնագետները կազմակերպում են 2005 թվականից եւ ոչ միայն մարտի մեկին, այլ տարեկան մի քանի անգամ: Այս անգամ ֆիզմաթ դպրոցի ղեկավարությունն է առաջարկել իրենց մոտ կազմակերպել ցուցադրություն եւ վարժանք:

Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը նկատեց, որ ֆիզմաթի սաների 75 տոկոսը տղաներն են ու ֆիզմաթը խնդիր է դնում բնագիտական լուրջ գիտելիքներ տալուն՝ գիտնական կրթելուն զուգահեռ, դաստիարակել հայրենասեր եւ հասարակությանը պիտանի մարդ: Դպրոցի կրթական ծրագրից դուրս միջոցառումներ հաճախ են կազմակերպվում: «Ոչ այս մասշտաբի, բայց անում ենք: Ռազմագիտության եւ այլ դասերի երեխաները արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկերի վերաբերյալ որոշակի գիտելիքներ ստանում են: Սակայն մի բան է լսելը, այլ բան տեսական գիտելիքը գործնականում տեսնելը, կիրառելը», — մեզ հետ զրույցում ասաց Հայկազ Նավասարդյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ