Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի դպրոցում ներկայացրել է «Աղետիկը» բեմադրությունը՝ աղետների ռիսկերը ճանաչելու եւ աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի խոսքով, անցած տարի այս դպրոցում բեմադրություն էր ներկայացրել ակադեմիայի «911» ուսանողական թատերախումբը, որը ջերմ էր ընդունվել: Դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ, հիմա էլ մանկական թատերախումբն էր ձորաղբյուրցիների հյուրը: Մանուկների խաղն էլ է գրավել հանդիսատեսին եւ դպրոցի տնօրենն առաջարկել է չսահմանափակվել բեմադրություններով, այլ խորացնել համագործակցությունը, կազմակերպել փոխադարձ այցելություններ: Արդեն որոշվել է, որ առաջիկայում ուսանողական թատերախումբը կներկայացնի «Աղետիկը եւ անտառային հրդեհները» բեմադրությունը:

Բացի ներկայացումից, դպրոցում կազմակերպվել է ուսումնական տարհանում, իսկ ակադեմիայի դասախոս Անդրանիկ Խաչատրյանը երեխաներին ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության կարեւորությունը: