2017 թվականի մայիսին Երեւանում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտը քննարկեցին Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված դաշտային խոհանոցի մրցույթ կազմակերպելու հնարավորությունը: Վոլֆգանգ Շմիդտը խոստացավ հարցը բարձրացնել ղեկավարության առաջ: Որոշումը կայացվել է, դաշտային խոհանոցի մրցույթը կայանալու է: Այսօրվանից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել է դաշտային խոհանոցի տեխնիկական մասնագետների վերապատրաստման քառօրյա դասընթացը, որը վարում է Վոլֆգանգ Շմիդտը: Մասնակցում են Հայկական կարմիր խաչի եւ Գերմանական կարմիր խաչի «Հուսո տան» 12 ներկայացուցիչ:

Առաջին դաշտային խոհանոցը ստեղծվել է հենց Գերմանիայում՝ 1892 թվականին: Ժամանակակից դաշտային խոհանոցի անձնակազմը 10 հոգի է, որից 6-ը՝ սպասարկողներ, 4-ը՝ խոհարար և խոհարարի օգնականներ: Խոհանոցի անձնակազմը պետք է 3-4 ժամում 500 հոգու համար ճաշ պատրաստի՝ առաջին, երկրորդ, թեյ:

Դասընթացների ժամանակ Վոլֆգանգ Շմիդտը ներկայացնում է դաշտային խոհանոց բացազատելու եւ շահագործելու նրբությունները: Մասնավորաբար. վառելիքի օգտագործման անվտանգության կանոնները հիմնականում նույնն են, սակայն կան տարբերություններ, ըստ վառելիքի տեսակի՝ պինդ, հեղուկ, գազ: Սա պետք է նկատի ունենալ: Սրանից բացի հաշվի առնել գրեթե ամեն ինչ, քամու ուղղությունը, տարածքի հողի որակը, դաշտային խոհանոցի ծխատարի մաքրությունը, մոխիրի արկղի վիճակը, գազի բալոնի հուսալի, անշարժ եւ ամուր տեղադրումը, օգտագործված ջրի եւ թափոնների հեռացումը եւ այլն: Դաշտային խոհանոցի տարածքը պետք է հստակ սահմանազատվի եւ նշաններ տեղադրվեն:

Վոլֆգանգ Շմիդտի դասընթացն ուղեկցվում էր տեսանյութերի ցուցադրությամբ, իսկ դասընթացից հետո Գերմանական կարմիր խաչի Հայաստանի գրասենյակի բակում կազմակերպվեց գործնական դաս՝ գերմանական դաշտային խոհանոցի վրա: Ներկա էր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Մասնակիցները գործնականում ցուցադրեցին իրենց տեսական գիտելիքները:

Գերմանական կարմիր խաչի «Հուսո տան» ղեկավար Մովսես Պողոսյանի խոսքով, չի բացառվում, որ այսպիսի դասընթացներ էլի կազմակերպվեն:

Նախնական պայմանավորվածության համաձայն, դաշտային խոհանոցի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 7-ին: