Այսօր՝ փետրվարի 19-ին հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը 149 տարեկան է: Հայաստանում 2008 թվականից փետրվարի 19-ին նշվում է գիրք նվիրելու օրը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ օրը նշվեց նաեւ ակադեմիայում:

Ռուզաննա Ղարիբյանի խոսքով, ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ սովորող երրորդ կուրսի ուսանողները վիճակահանությամբ որոշել էին, թե ով ում պետք է գիրք նվիրի:

Կարինեն համակուրսեցուն նվիրել է Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը: Գրքի սյուժի համաձայն, աշխարհում հաստատվել է ամբողջատիրական ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը եւ որոշում այրել դրանք: Իսկ որոշումը պետք է իրականացնեն հրշեջները: Հենց հրշեջների մասին գիրք է փնտրել Կարինեն ու ընտրությունը կանգնել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքի վրա:

Հեղինեն գիրք ընտրելիս հաշվի է առել ոչ թե համակուրսեցու ընտրած մասնագիտությունը, այլ խառնվածքը, նախասիրությունները: Նվիրել է գերմանացի ֆանտաստ գրող Կուրտ Վոննեգուրտի «Օրորոց կատվի համար» գիրքը: Գիրքը զանգվածային զենք ստեղծելու եւ մարդկային կյանքերի փրկության  մասին է:

Գեղարվեստական գրականությունը հաստատ ավելորդ չէ ապագա փրկարարների համար: Փրկարարը մեր հասարակության մեջ կարեւոր դեր ունի, իսկ Գրականությունը հասարակության արտահայտությունն է: