ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր անցկացվեց «Անվտանգ սննդամթերք բոլորի համար» մեկօրյա սեմինար: Նախաձեռնության հեղինակը «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն էր, հովանավորը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Աբովյանի սեմինարը անցկացվում է «Մենք կիսում ենք» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորած տարբեր կրթաթոշակներով ամերիկյան տարբեր կառույցներում վերապատրաստված երիտասարդ մասնագետները կիսում են իրենց փորձը Հայաստանի բուհերի ուսանողների եւ դասախոսների հետ: Բուհերում խոսում են բուհին հետաքրքրող թեմաներով՝ ներառական կրթություն, իրավագիտություն եւ այլն: Արդեն 6-7 սեմինար է անցկացվել, մինչեւ տարեվերջ կանցկացվի 25 սեմինար, այդ թվում՝ մարզերում: Գավառի բուհերից մեկում արդեն եղել է, եկող շաբաթ կանցկացվի Վանաձորում, հետո՝ Գորիսում: Կախված արդյունքներից, ծրագիրը կարող է շարունակվել նաեւ 2019 թվականին:

ՃԿՊԱ ուսանողների եւ դասախոսների հետ անվտանգ սննդի եւ սննդամթերքի անվտանգության մասին զրուցեց Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակից Դիանա Միրզոյանը, որը վեցշաբաթյա վերապատրասման դասընթաց է անցել ԱՄՆ-ում:

Մասնագետի խոսքով, պետությունը, տնտեսավարողները, սպառողները պետք է մեկ նպատակ ունենան՝ ոչ թե կանխել անորակ եւ վտանգավոր սննդի մուտքը շուկա, այլ ստեղծել մի համակարգ, որտեղ կբացառվի անորակ եւ վտանգավոր սննդի առկայությունը սպառողական ցանցում: Այսօր պետական կառույցները ռիսկի վրա հիմնված ստուգումներով փակում են վտանգավոր սննդի մուտքը շուկա, սակայն տնտեսավարողն ու սպառողն էլ պիտի նախանձախնդիր լինեն: Սննդի սխալ պայմաններում պահելն ու սխալ պատրաստելը նույնպես ռիսկ են՝ որակյալ եւ անվտանգ սնունդը կարող է դառնալ անորակ, վտանգավոր, վնասակար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ