Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի կարողությունների զարգացում ծրագրով, ԱՌՆԱՊ հիմնադրամն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կստանան անօդաչու թռչող սարք: Սարքը իտալական IDS (Ingeneria Dei Sistemi) ընկերության արտադրության է:

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի փորձագետ Արտակ Ոսկանյանի խոսքով, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի կարողությունների զարգացում ծրագիրն ունի չորս բաղադրիչ, որոնցից  մեկը աղետների  ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչուն թռչող սարքերի օգտագործումն է: Այս բաղադրիչի իրականացման համար ընտրվել է իտալական IDS ընկերությունը, որովհետեւ արտադրանքը լավագույնն է:

IDS ընկերության արտադրության գծով մենեջեր Ամադեո Ռոդրիգեզ Միրաքլեն մեզ հետ զրույցում ասաց, որ այս սարքը լայնորեն կիրառում են իտալական տարբեր պետական կառույցներ՝ ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն եւ այլն: Սարքը մարկտոցի մեկ լիցքավորմամբ կարող է 42 րոպե մնալ օդում, առավելագոււյն բարձրությունը՝ մոտ 150-200 մետր: Դասական սարքը կարող է օդ բարձրանալու կետից մինչեւ 4 կմ հեռանալ եւ վերադառնալ: Անտենան հզորացրած սարքը՝ մինչեւ 10 կմ:

Սարքը կարող է իրականացնել քարտեզագրում, զգայուն սարքերի միջոցով  տարածքի մոնիտորինգ եւ այլն: Ըստ Արտակ Ոսկանյանի, անօդաչու սարքերի կիրառումը թույլ է տալիս էապես կրճատել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում կատարվող ծախսերը:
Սարքն արդեն փորձարկվել է: Հաջորդ քայլը մասնագետների կրթություն-պատրաստումն է: Պետք է ունենանք մեր մասնագետներն ու սեփական կարողությունները շարունակաբար զարգացնելու հնարավորություն: Սրան հասնելու համար, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի օգնությամբ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կկազկամերպվեն Վերապատրաստողների  վերապատրաստում ձեւաչափով դասընթացներ, որից հետո արդեն ակադեմիայի մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ կիրականացնեն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ