Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստը՝ խորհրդի նախագահ ԱԻ փոխնարարար Արա Նազարյանի գլխավորությամբ: Քննարկվեցին 2017 թվականին իրականացված ծրագրերն ու 2018-ի անելիքները: Այս թեմաներով զեկույցներ ներկայացրեցին ակադեմիայի ռեկտոր փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, փրկարարական ֆակուլտետի դեկան, փրկարար ծառայության  գնդապետ Գեւորգ Հովակիմյանն ու ղեկավար կազմի որակավորման բարձրացման  ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը:

2017 թվականին ակադեմիան աշխատել է յոթ հիմնական ուղղությամբ. ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում եւ որակավորման բարձրացում, հրշեջ-փրկարարների վերապատրաստում եւ որակավորման բարձրացում, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում, բնակչության ուսուցում, գիտամեթոդական աշխատանքներ, մշակութային դաստիարակություն, միջազգային համագործակցություն: ՃԿՊԱ  փրկարարական ֆակուլտետում դասընթացներին, առարկայական ստուգարքներին ու քննություններին մասնակցել է 422 փրկարար (նախատեսված  332-ի փոխարեն), 260 փրկարար եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել: Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում դասընթաց է անցել 1941 ունկնդիր (նախատեսված  1830 փոխարեն): Այս 1941-ից 442 պետական տարբեր գերատեսչություններից են, 426-ը՝ մարզերից, 1073-ը՝ Երևանի քաղաքապետարանից և քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերից: Ակադեմիայում սովորում է 1111 ուսանող, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 154, բակալավրի կրթական ծրագրով՝ 913, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 44: Ակադեմիայի ուսանողներն այցելել են թանգարաններ, իրականացրել արշավ դեպի Հատիս լեռ, մասնակցել են միջբուհական ուսանողական սպորտային մրցումների եւ միջբուհական ուսանողական գիտաժողովների:

2017-ին մագիստրոսի կրթական ծրագրում արդեն եղած «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտություններին ավելացել են «Աղետների հոգեբանություն» ու «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունները:

2017 թվականին ակադեմիան հրատարակել է 30 ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանք, «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, «Ճգնաժամ հաղթահարողներ» ուսանողական թերթը, մշակվել և վերամշակվել են դասախոսութան կոնսպեկտներ, ուսումնա-մեթոդական պլաններ տարբեր, կարգեր, կանոնակարգեր, ընթացակարգեր՝ կրթության զարգացման և որակի ապահովման ուղղությամբ Ակադեմիան ներկայացրել են 35 զեկուցում միջազգային գիտական, գիտագործնական խորհրդակցություններում և խորհրդաժողովներում:

Բնակչության ուսուցման ուղղությամբ եղել են ելույթներ զանգվածային լրատվամիջոցներով, ծրագրեր են իրականացվել մանուկների համար, նաեւ համագործակցելով այլ կառույցների, մասնավորաբար Dasaran կրթական հարթակի հետ գործարկվել է «Սուպեր Դավիթ» առցանց խաղը:

Ստեղծվել է www.911tert.am կայքը, որտեղ բազմաթիվ ուսուցողական, կրթական նյութեր եւ օգտակար այլ տեղեկություն կա աղետների ռիսկի նվազեցման, անվտանգության մշակույթի եւ աղետակայուն հասարակություն ձեւավորելու վերաբերյալ:

ՃԿՊԱ ռեկտորը վստահ է, որ անվտանգության մշակույթի ձեւավորումը պետք է սկսել հենց մանուկ հասակից, այսօրվա երեխան է երկրի վաղվա տերը:

Ակադեմիան նախատեսում է 2018 թվականին աշխատել հետեւյալ ուղղություններով. կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում՝ 1800 ունկնդիր, հրշեջ-փրկարարների վերապատրաստում՝ 350 ունկնդիր, բակալավրի, մագիստրոսի և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի պահանջվող փաստաթղթերի մշակում, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների, «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հեդվածների ժողովածուի հրատարակում, www.911tert.am կայքի զարգացում, ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնագործնական պարապմունքների բազայում   վարժահրապարակի զարգացում, նոր մոդելների ձևավորում, ԱԻՆ սպորտային ակումբի ստեղծում եւ այլն:

Խորհուրդը հաստատեց ակադեմիայի 2018 թվականի բյուջեն: Այս տարի ակադեմիան կունենա 210 միլիոն դրամ եկամուտ, որը կծախսի աշխատավարձի, գործուղումների, տպագրական ծառայությունների եւ այլ ուղղություններով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ Ավոյանի