ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 26 տարեկան է:

ՀՀ կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ մինչ օրս ավելի քան 1500 շրջանավարտ է տվել: Եթե 2003-ին ակադեմիան միայն երկու մասնագիտության գծով բակալավրի կրթական ծրագրով էր կադրեր պատրաստում, ապա այսօր միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով՝ 10 մասնագիտությամբ: Չի եղել մի տարի, որ ակադեմիան նոր հնարավորություն չառաջարկի: Օրինակ1992 թվականից ակադեմիայում գործում է ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, որտեղ տարեկան 1800-2000 մարդ է վերապատրաստվում. պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ: 2011-2012 ուսումնական տարվանից սկսած բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտություններում պետական պատվերով սովորելու համար 60 տեղ է առանձնացված, որից 5-ը՝ Արցախի հանրապետությունից դիմորդների համար: 2017-ին մագիստրոսի կրթական ծրագրում արդեն եղած «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտություններին ավելացան «Աղետների հոգեբանությունն» ու «Նախնական զինվորական պատրաստությունը»:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 26 տարում ձեւավորել է միջազգային համագործակցության լայն ցանց: Բուհը համագործակցել եւ համագործակցում է Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի կրթագիտական եւ հետազոտական հաստատությունների հետ: 2016-ին ակադեմիան ուներ 10 պայմանագիր գործընկեր համալսարանների ու միջազգային կառույցների հետ: 2017-ին դրանց թիվն ավելացել է երեքով:

Անցած տարի ակադեմիան հաջողությամբ անցավ պետական հավատարմագրումն ու այսօր Հայաստանի ուժային կառույցների ենթակայության տակ գործող միակ բուհն է, որ պետական հավատարմագիր ունի:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գլխավոր նպատակը անվտանգության մշակույթի ձեւավորումն է, իսկ դրա կարեւոր գրավականը ակադեմիայի շարունակական զարգացումն ու կատարելագործումը», — վստահ է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: