ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը տարեսկզբից սկսել է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների ներկայացուցիչների համար վերապատրաստման դասընթացները:

Անցած տարիների վիճակագրությունը վկայում է, որ միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց: Օրինակ 2016-ի պլանով պետք է դասընթաց կազմակերպվեր 86 խմբի համար՝ 1830 մարդու մասնակցությամբ: Կազմակերպվեց 87 դասընթաց 1884 մարդու մասնակցությամբ: 2017-ի ծրագրով պետք է կազմակերպվեր 86 դասընթաց 1830 մարդու համար: Կազմակերպվեց 90 դասընթաց՝ 1941 մարդու մասնակցությամբ: Այս տարի պլանով նախատեսված է 86 դասընթաց 1855 մարդու համար:

Հունվարին արդեն մեկ չնախատեսված արտագնա դասընթաց կազմակերպվել է: Պլանով նախատեսված 5 դասընթաց է կազմակերպվել, որոնց մասնակցել է 110 մարդ՝ նախատեսված 90-ի փոխարեն: Ի հավելումն Սյունիքի մարզում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոսների համար կազմակերպվել է աղետների ռիսկի նվազեցման թեմայով դասընթաց՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: «Ռազմավարական զարգացման գործակալությունը» Շվեյցարիայի եկեղեցու օգնության՝ HEKS/EPER և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի՝ HAFL հետ համատեղ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացնում է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը: Մինչ ՃԿՊԱ մասնագետների դասընթացն արդեն մի շարք վերապատրաստման դասընթացներ էին կազմակերպվել:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանն ու դասախոս Արայիկ Գասպարյանը ներկայացրել են երկու զեկույց. «ՀՀ տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները» եւ «Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարական և հիգիենիկ պահանջների պահպանումը որպես բնակչության կենսաբանական պաշտպանության կարևոր գործոն» եւ կազմակերպել «Պայթյուն բնակելի շենքի գազամատակարարման համակարգում»  թեմայով իրավիճակային խաղ: Նոր գիտելիքներ ստացած դասախոսներն իրենց հերթին կվերապատրաստեն ուսանողներին:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետi 2018 թվականի վերապատրաստումների պլանը՝ այստեղ :