Հայկական բանակը 26 տարեկան է: Շնորհավոր տոնդ Հայկական բանակ ու հայ զինվոր: Ցանկացած տոն տարին մեկ առկայծող հույս է ու արածը ամփոփելու առիթ: Մեր բանակը ձեւավորվեց պարտադրված պատերազմի մեջ ու հաղթեց: Մեր հաղթական բանակը ժողովրդական է, մենք զրոյից ստեղծեցինք մեր բանակը, ապացուցելով, որ հայի հետ չի կարելի խոսել սպառնալիքներով կամ վախեցնելով: Մեր բանակը Հայաստանի գլխավոր ձեռքբերումն է, ցանկացած ոլորտում հաջողություն ունենալու միակերաշխավորը: Մեր բանակը Պապ թագավորի ու Վարդանի, Դավիթ Բեկի ու Նժդեհի գործը շարունակողների ամբողջությունն ու հավաքական ուժն է: Արթուր թագավորն ասում էր. «Խաղաղության հակառակ կողմում պատերազմն է եւ եթե խաղաղության հասնելու համար պետք է պատերազմի միջով անցնել` ես պատրաստ եմ»: Մեզ պարտադրված պատերազմում այլ բան չմնաց քան դառնալ Արթուր թագավոր` հանուն խաղաղության անցնել պատերազմի միջով: Ու անցանք: Ու հասանք: Ու պահեցինք: Ու կյանքեր, կյանքեր, կյանքեր տվեցինք: Տվեցինք ավելին քան կարող էինք տալ: Հիմա մենք գիտենք խաղաղության գինը: Արդեն վճարել ենք. մեկ անգամ եւ ընդմիշտ: Վճարել ենք ավելին, քան կարող էինք վճարել: Հիմա ուզում ենք խաղաղ ապրել: Մենք ուզում ենք մեր հայրենիքի համար ապրել: Ու թե բան է եղավ` մեր ժողովրդական բանակը կստիպի, որ կյանքեր արժեցած մեր խաղաղությանը խեթ նայողը մեռնի իր հայրենիքի համար: Կանի: Չկասկածեք: 2016-ի ապիրլին արդեն արել է:

Փառք քեզ ու շնորհավոր տոնդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ: