Հունվարի 11-ին  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը իր նոր «Աղետիկը» ամանորյա երաժշտական ներկայացմամբ  հյուրընկալվեց Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  և Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում։

Ըստ սցենարի՝ Կայծակը, Փոթորիկն ու Աղետիկը, որոնք հրավիրված չեն տոնական հավաքույթին, որոշում են խոչընդոտել Ձմեռ պապի ու Ձյունանուշի գալուստին և անբարենպաստ եղանակ ստեղծում նրանց ճանապարհին։ Մոլորվածներին օգնության է հասնում փրկարարը։ Երեք չարագործները հայտնվում են զնդանում, սակայն, ի վերջո, հանդիսատեսը ներում է նրանց, քանի որ Ամանորը բարություն է խորհրդանշում։

ՃԿՊԱ Մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանի խոսքով՝ «Աղետիկի» ամանորյա արկածները նույնպես ուսուցողական բնույթի են, փոխօգնության գաղափարն են սերմանում։ Ներկայացման պարզ լեզուն մատչելի է բոլոր փոքրահասակ երեխաներին․ «Նվերները տրամադրել է ակադեմիան․ նկարազարդման ալբոմներից և գրենական պիտույքներից զատ՝ կա նաև ուսուցողական գրականություն, որով երեխաները  կսովորեն պաշտպանվել և պաշտպանել ընկերոջը»։

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնի տնօրեն Աշոտ Մնացականյանը տեղեկացրեց, որ կենտրոնում տարեկան երկու անգամ տարհանման վարժանք է կազմակերպվում, ինչն ավելի է ամրապնդում երեխաների ստացած տեսական գիտելիքը։

ՍՕՍ մանկական գյուղի սաները «Աղետիկի» դերասանների և Ձմեռ պապի այցից շատ էին ոգևորվել։ Ոմանք պապին հաջորդ տարվա իրենց ցանկալի նվերների ցուցակն էին ներկայացնում։

Մանկավարժ Էդուարդ Թադևոսյանի հաղորդմամբ՝ ՍՕՍ մանկական գյուղերի ստեղծման  հիմքում առաջին հերթին երեխաների անվտանգությունն ու բարօրությունն է եղել։  Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված գյուղի տները գիպսակարտոնից են, տանիքը բետոնապատ չէ, ինչը նվազեցնում է ռիսկը։ Չնայած դրան՝ գյուղում բազմաթիվ վարժանքներ և սեմինարներ են անցկացվում,  սերտ է համագործակցությունը փրկարար ծառայության հետ։ «Մեր բոլոր տները երկու մուտք ունեն, բակում չկան խորը փոսեր և լողավազան, որտեղ երեխաները կարող են պատահաբար հայտնվել և վնասվել։ Խաղահրապարակի կարուսելներն անվտանգության նորմերին համապատասխան են։ Մեր սաները գիտեն՝ ինչպես վարվել երկրաշարժի, հրդեհի և քաոսային իրավիճակների ժամանակ»,- մանրամասնեց մանկավարժը։

Ներկայացումը միավորել էր փոքրիկ դերասաններին և մանկատան սաներին։ 12-ամյա Հայկ Տեր-Ստեփանյանը նոր ընկերներ է գտել։  Երազում է, որ Հայաստանում մանկատներ չլինեն։

Ներկայացման մեջ խոհարարի դերը ստանձնած Հայկն իրական կյանքում աղցաններ պատրաստել է սիրում։ Գիտի պարել, երգել և դաշնամուր նվագել։ Իր կյանքը բեմի հետ է կապում։

Գլխավոր հերոս Աղետիկը՝ Վահագն Մեսրոպյանը,  «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի սան է։ Խոստավանում է՝ մինչև «Աղետիկ»  թատերախմբի անդամ դառնալը արտակարգ իրավիճակների մասին քիչ գիտելիք ուներ։ Այսօր առանց խուճապի մատնվելու կարող է օգնել դիմացինին։  Փրկարարի դերակատար Ալեքս Հակոբյանն էլ նշում է՝ երբեմն նույնիսկ ծնողներին է «խրատում» և կենցաղում անվտանգություն պահպանելու կանոնները սովորեցնում, ինչպես, օրինակ, գազի շչակը միացված պահելը։

Փոթորիկի դերակատար Գեորգի Քիշմիշյանի ծնողները թատերական կրթություն են ստացել, որդին նրանց հետքերով է գնում։ Լավ դերասան դառնալու գաղտնիքը Գեորգին վստահաբար գիտի․ պետք է կերպարի մեջ մտնելու ունակություն, տաղանդ և աշխատասիրություն ունենալ։

Ռուզաննա Պողոսյանն ու Տաթև Հովակիմյանը իրենց հետագա կարիերան բեմում են տեսնում։ Թատերական խմբակում շատ բան են սովորել, առաջին հերթին՝ դերին լուրջ վերաբերվել․ չէ՞ որ հանդիսատեսի առաջին տպավորությունը վճռորոշ է։

Դերասանները նաև այլ հետաքրքրություններ ունեն։ Ալեք Պողոսյանը ըմբշամարտիկ է։ Կատակում է՝  հաճախ աղջիկներին ինքնապաշտպանական հնարքներ է սովորեցնում։

«Աղետիկ» թատերախումբը շուտով կայցելի նաև այլ կրթական հաստատություններ:

 

Անի Անտոնյան

Լուսանկարները` Վահրամ Ավոյանի