Ամփոփ տվյալներ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնից

 

Ընթացիկ տարում կարկտահարության դեպքեր  են գրանցվել  հանրապետության գրեթե բոլոր մարզերում: 2017-ին գրանցվել է ընդհանուր առմամբ 171 կարկտահարության դեպք, որից 41–ը՝ պաշտպանվող, 130–ը՝ չպաշտպանվող տարածքներում: «2017-ին Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնը («ՄԵՎԱՆ».- հեղ.)՝ մարզային ստորաբաժանումների աշխատակիցների հետ իրականացրել է հակակարկտային պաշտպանության արդյունավետ գործունեություն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության ուղղությամբ: Տարվա ընթացքում պաշտպանության տակ գտնվող 43 760 հա փաստացի մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում ակտիվ ներգործության է ենթարկվել 472 կարկտավտանգավոր ամպ, ինչի արդյունքում կատարվել է 1 320 150 կրակոց»,- փոխանցեց ակտիվ ներգործության վերահսկման և վերլուծության բաժնի պետ Սուրեն Հովակիմյանը: Արդյունքում հնարավոր է եղել նվազագույնի հասցնել պտղատու այգիներին և ցանքատարածություններին հասցված վնասները, որոշ պաշտպանվող տարածքներում նույնիսկ կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Օրինակ՝ Արարատի մարզում, որտեղ տեղակայված է թվով 99 հակակարկտային կայան, կարկտահարության դեպք այս տարի չի գրանցվել: «ՄԵՎԱՆ» կենտրոնի տվյալների համաձայն՝ կարկտահարության ամենաշատ դեպքերը գրանցվել են Արագածոտնում՝ 38 դեպքից 15-ը՝ պաշտպանվող, 23-ը՝ չպաշտպանվող տարածքներում:

Կոտայքի մարզի պաշտպանվող տարածքում գրանցվել  է կարկտահարության ընդամենը 1 դեպք, իսկ չպաշտպանվողում՝ 12:

Արմավիրի մարզը ևս տուժել է կարկտահարությունից. պաշտպանվողում՝ 12 կարկտահարման դեպք, չպաշտպանվող տարածքներում՝ 6:

Վայոց ձորի մարզի պաշտպանվող տարածքներում այս տարի կարկտահարության դեպքեր չեն գրանցվել, իսկ  չպաշտպանվող տարածքներում արձանագարվել է 6 դեպք:

Կարկտահարության 4 դեպք է գրանցվել Լոռու մարզի պաշտպանված տարածքներում, իսկ  չպաշտպանվող  հողատարածքներում՝ 15:

Այս տարի Շիրակի մարզում գրանցվել է կարկտահարության 14 դեպք, որից 5-ը՝ պաշտպանվող, 9-ը՝ չպաշտպանվող տարածքներում:

Տավուշի մարզի պաշտպանության տակ առնված տիրույթում եղել է կարկտահարության 4 դեպք, չպաշտպանվող տարածքներում՝ 18:

Սյունիքն ու Գեղարքունիքը միակ մարզերն են, որտեղ առայժմ պաշտպանության տակ առնված տարածքներ չկան: Այս մարզերում հակակարկտային կայաններ չկան: Հանրապետության հարավային մարզի չպաշտպանվող տարածքներում այս տարի գրանցվել է կարկտահարության 37 դեպք, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 5:

Նշենք, որ այսօր մեր երկրում մշակովի հողատարածքները պաշտպանվում են միայն գազագեներատորային եղանակով գործող հակակարկտային կայանների միջոցով: Հանրապետության տարածքում գործում են ընդամենը երկու ռադիոլոկացիոն հակակարկտային կայաններ՝ Արագածոտնի մարզի Արտաշավան, Լոռու մարզի Դսեղ համայնքներում: Ամբողջ երկրում գործում է 547 հակակարկտային կայան, որոնց արդյունավետությունը կազմում է 50 տոկոս: Արարատի մարզում տեղակայված է 99 հակակարկտային կայան, Արագածոտնում՝ 73, Արմավիրում՝ 207, Լոռիում՝ 41, Շիրակում՝ 87, Կոտայքի մարզում՝ 20, Վայոց ձորի մարզում՝ 7, Տավուշում՝ 13:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ այս տարվա ընթացքում իրականացվեց  հակակարկտային պաշտպանության նոր՝ առավել արդյունավետ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր: Արդիականացվեց Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը և տեղադրվեցին 3 նոր տիպի «ԷԼԻԱ-3» հակակարկտային հրթիռային կայաններ՝ Արագածոտնի Արտաշավան և Ոսկեվազ, Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում: Կայանները տեղադրվել և փորձարկվել են, գարնանը կսկսեն գործել: 2018-ից  այսուհետ հնարավոր կլինի երկու մարզերի 59 համայնքի մոտ 45 000 հա հողատարածքում իրականացնել հակակարկտային առավել արդյունավետ պաշտպանություն: «Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը»,- ընդգծեց Սուրեն Հովակիմյանը:

Ի դեպ, հրթիռային  կայանները, ի տարբերություն ներկայիս գազագեներատորային կայանի,  կարող են ավելի քան 200 անգամ ավելի մեծ տարածք պաշտպանել կարկուտից՝ մոտ 18 000 հա, իսկ արդյունավետությունը 50 տոկոսի փոխարեն կկազմի  80-90 տոկոս: