2015 թվականի դեկտեմբերի 1-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային միացած երկրների 21-րդ համաժողովը, որտեղ պետությունները հստակ պարտավորություններ ստանձնեցին. կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, զարգացնել վերականգնվող էներգետիկան և անցնել էներգախնայող տեխնոլոգիաների: Զարգացած երկրները խոստացան տարեկան 100 միլիարդ դոլար ծախսել զարգացող երկրներում նման ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս տարվա դեկտեմբերի 12-ին Փարիզում անցկացվել է «Կլիմայի ֆինանսավորման օր»՝ արդեն երրորդ միջազգային հավաքը, որի նպատակը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար միջոցներ և աղբյուրներ գտնելն է: Այս հավաքի կարգախոսն էր «Մեկ մոլորակ»: 2015-ի համաժողովին մասնակցում էր 196 երկրի ներկայացուցիչ, որից 150-ը՝ նախագահ և վարչապետ: Այս տարվա հավաքին մասնակցում էր 59 նախագահ և վարչապետ, 39 նախարար, միջազգային կառույցների ղեկավարներ և խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների պատասխանատու պաշտոնյաներ. Total, Engie, Michelin, Tesla, Danone, L’Orռal: Մոլորակի ապագայի նկատմամբ հոգատարության կարևորությունն ընդգծելու համար ներկա էին արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ դերասաններ Մարիոն Կոտիյարը, Լեոնարդո Դի Կապրիոն, Առնոլդ Շվարցենեգերը և այլք:

Փարիզում քննարկվել է չորս թեմա. «Փոխել կլիմայի փոփոխության ոլորտում գործողությունների ծավալը», «Ապահովել կայուն զարգացման օգտին «կանաչ» ներդրումներ», «Արագացնել կլիմայի փոփոխության դեմ քայլերը տեղական և տարածքային մակարդակներում», «Ուժեղացնել բնապահպանական փոփոխությունների ոլորտում պետական քաղաքականությունը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոու Գուտերիշի խոսքով. «Մարդկությունը պայքարում է մոլորակում կյանքի պահպանման համար և երկու հզոր դաշնակից ունի՝ գիտությունն ու տեխնոլոգիան: «Կանաչ տնտեսությունն» ապացուցել է իր արդյունավետությունը: Պետք է ներդրումներ անել հենց այս ոլորտում՝ նոր տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա»:

Դեկտեմբերի 12-ին Փարիզում ընդունվել է 12 կոնկրետ առաջարկ՝ ուղղված գլոբալ տաքացումից փրկությանը: Ներկայացնենք կարևորները:

Եկող տարվանից Համաշխարհային բանկը չի ֆինանսավորի նավթի և գազի հետախուզական աշխատանքները, իսկ ցանկացած այլ ոլորտի ներդրումային ծրագրի գնահատման պարտադիր բաղադրիչ կդառնա ջերմոցային գազերի, այդ թվում՝ ածխաթթու գազի արտանետումների ծավալը: Ապահովագրական հսկա ֆրանսիական Axa ընկերությունը հայտարարել է, որ չի ֆինանսավորի ածխաջրածիններ արտանետող ծրագրեր: Ընկերությունը հայտարարել է, որ 700 միլիոն եվրո կտա անվտանգ նավթատարներ կառուցելու և 9 միլիարդ՝ «Կանաչ տեխնոլոգիաների» համար:

Ավելի քան 200 խոշոր ներդրող պարտավորվել են ճնշել աշխարհի 100 ամենաշատ աղտոտող ընկերություններին՝ արտանետումների ծավալը նվազեցնելու և «Կանաչ տեխնոլոգիաների» անցնելու նպատակով:

Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD) խոստացել է Աֆրիկայի 15 երկրի առաջիկա չորս տարում 30 միլիոն եվրո տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերի համար: Բիլ և Մելինդա Գեյթսերը խոստացել են ավելի քան 600 միլիոն դոլար հատկացնել գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության հետևանքների հետազոտությունների համար:

Կշարունակվի «Կանաչ պարտատոմսերի» կամ «Կլիմայի պարտատոմսերի» թողարկումը: Այս պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարներն ուղղում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, «Կանաչ տեխնոլոգիաների» ներդրման ծրագրերին: 2016-ին թողարկվել է 90 միլիարդ եվրոյի «Կանաչ պարտատոմս», 2017-ին՝ 125 միլիարդի: