Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել:

Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել:

Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Հրազդանի կիրճում քաղաքացին մոտ 30 րոպե անշարժ կախված մնացել է Zip lin մալուխի վրա: Փրկարարները զննել են տարածքը Zip line մալուխի վրա քաղաքացի չի հայտնաբերվել: Zip line-ը արկածային զվարճանք է՝ վայրէջք պողպատյա մալուխներով՝ ձգողական ուժերի կիրառմամբ, հատուկ սարքի օգնությամբ: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, թե Նոր Արեշ փողոցներից մեկում կատուն չի կարողանում տեղաշարժվել` երկաթյա ձողը մտել է թաթի մեջ: Հրշեջ-փրկարարները հանել են ձողը:

Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ արվեստի դպրոցի մոտակայքում, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացի է գետնին ընկած արյունոտ դեմքով: Հրշեջ-փրկարարները 55-ամյա տղամարդուն ցուցաբերել են առաջին օգնություն և  տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն: