29 տարի առաջ՝ 1988-ի դեկտեմբերի 7-ինտեղական ժամանակով 11:41-ինՀայաստանի հյուսիսում գրանցվեց ավերիչ երկրաշարժորի ուժգնությունըէպիկենտրոնում  (Սպիտակ քաղաքի մատույցների Նալբանդայժմ՝Շիրակամուտ գյուղեղել է 10 բալ:

Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ երկրաշարժեր երկրագնդի վրա տարեկան լինում են 15-20 անգամ:

Սպիտակի երկրաշարժը, մասնագիտական որակմամբ, ամբողջական ցիկլի երկրաշարժ էր. նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցումներ:

Երկրաշարժն ընդգրկեց երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, ավերվեց 21 քաղաք, 342 գյուղ, զոհվեց 25 000 մարդ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար, Սպիտակում՝ 4 000, Վանաձորում՝ 1200… Անօթևան մնաց 514 000-ը, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 000 մարդ, որոնցից հոսպիտալացվեցին 12 500-ը:

29 տարի առաջ չունեինք փրկարարական ծառայություն, և իրենց հարազատներին ու հարևաններին օգնելու են հասել հենց տուժածները: Սակայն նրանց ծայրահեղ իրավիճակներում գործելու անկարողությունը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն նաև պատճառ դառնում անտեղի զոհերի: Չնայած դժվարություններին, հաջողվեց փրկել ավելի քան 45 000 մարդու:

Անասելի մեծ չափերի վնասի հիմնական պատճառներն էին. թերագնահատված սեյսմիկ վտանգը, սեյսմակայուն շինարարության չափանիշների խախտումները, փրկարարական ծառայության չգոյությունը:

Երկրաշարժը երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափումն է, որի արդյունքում տեղի է ունենում ստորգետնյա ցնցում՝ թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց տատանումներով: Սա բնական երևույթ է, եղել է և կլինի: Պետք է պատրաստ լինել, որ փորձությունը փորձանք չդառնա:

Հայաստանի այսօրվա փրկարարական կարողությունները անհամեմատելի են 1998-ի կարողությունների հետ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր փրկարարական ծառայությամբ, մշտապես կատարելագործվում է: Այսօր ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքային որոնողափրկարարական 5 թիմ՝ ավելի քան 250 փրկարար, որոնք ունակ են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել աշխարհի ցանկացած բնակավայրում:

Այս օրերին Գյումրիում, Սպիտակում, աշխարհի տարբեր երկրներում հայությունը ոգեկոչում է երկրաշարժի զոհերի հիշատակը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանների համար արդեն ավանդույթ է, հիշատակի արարողությանը ներկա են անպայմանորեն: Դեկտեմբերի 7-ին նրանք ուխտագնացության են մեկնում Գյումրի և Սպիտակ: Ճապոնացիները լավ են հասկանում մեր վիշտը, նրանք շատ են տուժել արհավիրքից: Վերջինը 2011-ի մարտի 11-ին էր, Տոկիոյից 287 կմ հյուսիս-արևելք գտնվող Ֆուկուսիմայում տեղի ունեցած 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն էր ու նրա հետևանքով առաջացած ցունամին: Սպիտակում այսօր Ֆուկուսիմայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքար են տեղադրել քաղաքի հրշեջ-փրկարարները՝ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս հուշարձանը միակն է, որ տեղադրված է Ճապոնիայի ափերից հեռու:

Ու պատահական չէ, որ Ծագող արևի երկրում փրկարարական գործն ամենակատարյալ հիմքերի վրա են դրված: Նրանք շատ են օգնում մեզ մեր փրկարարական կարողությունների բարձրացման գործում:

2018-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Հայաստանը պատրաստվում է այն նշել միջոցառումների ծրագրով: 1988-ից ի վեր Գյումրիում 87 վթարային շենք կա, «դոմիկներում» ապրող ընտանիքներ: Նրանք կացարան չունեն դեռ: Սպասում են արդեն 30 տարի: Այս օրերին Գյումրիի «դոմիկում» ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ՝ Սնխչյանների 6 հոգանոց ընտանիքը: Հույսը մեծ է, մյուս տարի դեկտեմբերի 7-ին վթարային շենքերում ու «դոմիկներում» ապրողներ չեն լինի:

30-րդ տարելիցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել դիմակայուն հասարակություն և անվտանգության մշակույթ ունենալը կարևորելու և, պատկերավոր ասած՝ «գույքագրելու» համար, թե 1988-ի երկրաշարժից 30 տարի անց որքանով ենք պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Ճապոնացիները երբեք չեն մոռանալու 1923 թվականի սեպտեմբերի

1-ի կործանիչ երկրաշարժը, որին զոհ դարձավ 143 հազար մարդ: Այժմ ամեն տարի սեպտեմբերին ի հիշատակ այդ տխուր օրվան Ճապոնիայում անցկացվում են համապետական ուսումնական փրկարարական վարժանքներ, որոնց մասնակցում են 13 մլն մարդ: Կործանիչ երկրաշարժի օրը վերածվել է փրկության խորհրդանիշի:

Ճապոնացիներին ընդօրինակենք նաև մենք: Դեկտեմբերի 7-ին զոհերի ոգեկոչման արարողությունից զատ կազմակերպենք համապետական ուսումնական փրկարարական վարժանքներ՝ երկրաշարժերից պաշտպանվելու միջոցներին տիրապետող հասարակություն ունենալու համար: