Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի առիթով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Երկրաշարժ» թեմայով  քննարկում և ֆիլմի դիտում:

Եթե ֆիլմը ներկայացնում էր 29 տարի առաջվա արհավիրքն ու դրան հաջորդած, ցավոք մինչ օրս շարունակվող ծանր կյանքը՝ փտող տնակներ, այդ տնակներում ապրող անհույս քաղաքացիներ և այլն, ապա քննարկման բանախոսները՝ ՃԿՊԱ առկա ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյան, Ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման  ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյան, կարևորեցին երկրաշարժից դասեր քաղելը, քանի որ երկրաշարժը բնական վտանգավոր երևույթ է, եղել է, լինում է և կլինի: Հայտնի է, որ 1988-ի երկրաշարժից զոհվեց 25 000 մարդ ու առավելապես անորակ ու սխալ հաշվարկված շինարարության արդյունքում: Ու հենց այս պատճառով էլ քննարկումն ամփոփվեց ճապոնական առածով. «Սպանում են ոչ թե երկրաշարժերը, այլ՝ անորակ շինարարությունը»:

1988 թվականից մինչ օրս չեն դադարում զրույցները, թե Սպիտակի երկրաշարժը արհեստական էր, սարքված: Այս վարկածի մասին խոսեցին նաև քննարկման մասնակից ուսանողները: Դավիթ Թադևոսյանը հակադարձեց փաստով. Սպիտակի երկրաշարժի ժամանակ անջատվել է այնքան էներգիա, որքան կանջատվի, եթե միանգամից պայթեն Ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորության 100 ռումբ: Իսկ նման սպառազինություն չկար ոչ Հայաստանում, ոչ էլ առավել ևս՝ Սպիտակում: Եթե երկրաշարժերը կառավարելի լինեին, ապա բնական այս երևույթից մեծապես տուժող Ճապոնիան վաղուց էր նման համակարգ ստեղծել: