Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)  նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին եւ 24-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների երկրորդ միջազգային սեմինարին մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանը: Հավաքի նպատակներն էին՝ աղետներից բնակչության պաշտպանության և  քաղաքացիական պաշտպանության ոլորտներում կադրերի վերապատրաստման ազգային համակարգերի կատարելագործում, առաջավոր ուսումնամեթոդական և դասավանդման նոր մոտեցումների, նորարարական տեխնալոգիաների ներդրում, կադրերի վերապատրաստման ոլորտում միջազգային  համագործակցության և քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության դերակատարության բարձրացում, կրթական ծրագրերի կատարելագործում: Մասնակցել է 16 երկիր. Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ռուսաստան, Քուվեյթ, Ուզբեկստան, Ալժիր, Թունիս, Բելառուս, Ղազախստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Հորդանան, Եգիպտոս, Ադրբեջան: Երկու օրում ներկայացվել է ավելի քան 10 զեկույց. «Բազմատարբերակ ծրագրեր բնակչության եւ տարածքների պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտում», «Բնակչության պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի համար դասընթացավարներին ներկայացվող ընդհանուր պահանջներ», «Բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի նյութատեխնիկական ապահովման հարցեր» և այլն:

Հավաքի վերջում արձանագրվել է, որ զեկույցներում ներկայացված մոտեցումները կդառնան քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ երկրների քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի մշակման հիմք և կախված աղետի բնույթից ու երկրի քաղաքացիական պաշտպանության կառուցվածքից, կիրականացվի համապատասխան գործողություն: Սեմինարի արդյունքում սահմանվել են հետևյալ թիրախները. մշակել քաղաքացիական պաշտպանության մասնագետների որակավորման բարձրացման բազմատարբերակ կրթական ծրագրեր, ընդունել բնակչության և տարածքների պաշտպանության շարժունակ խմբեր կրթող մասնագետներին ներկայացվող միասնական պահանջներ և միջազգային վերապատրաստում անցած քաղաքացիական պաշտպանության մասնագետների համար սահմանել Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միասնական վկայագիր: