Արտակարգ իրավիճակներից պաշտպանված հաղորդակցություն

Նոյեմբերի 22-ին հանրապետության տարածքում տեղաց առաջին ձյունը։Ինչպես և սպասելի էրքաղաքացիները չէին անսացել ձմեռայինանվադողերով երթևեկելու հորդորներինինչը հանգեցրել էր մի շարքպատահարների։

Նոյեմբերի 22-ին Հրազդան-Սևան ավտոճանապարհին վրացական պետհամարանիշներով բեռնատարը սահել և հարվածել էր արգելապատնեշին՝ խոչընդոտելով երթևեկությանը։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանի խոսքով՝ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի «Գազ-66» մեքենան և ճանապարհը սպասարկող ընկերության տեխնիկան մոտ 6 ժամ քարշակել են 40 տ կշռող մեքենան։ Ոստիկանությունը վերահսկել է հանդիպակաց գոտով երթևեկող մեքենաների շարժը։ «Բեռնատարն արգելափակվել էր դաշտում նախքան ձյան տեղումները։ Շարժիչը հանգել էր, ինչի պատճառով ստիպված եղանք չորս մեքենայով դուրս բերել այն երթևեկելի գոտի»,- նշեց Հրազդանի «Ճանշին»-ի տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։

Նույն օրը Սիսիանի փրկարարները ահազանգ էին ստացել Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին վթարված մեքենայի մասին, որում հայտնաբերվել էր դի։ Ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը: Պարզվել էր, որ քաղաքացին Վայքի բնակիչ է, որին որպես անհայտ կորած փնտրում է ոստիկանությունը։ Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Սիսիանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանը մտաբերեց, որ երկու տարի առաջ նույն հատվածում Իրանի քաղաքացի էր մահացել։ Ճանապարհի եզրերին արգելապատնեշներ չկան, կտրուկ իջվածք է դեպի ձորը. «Մեքենան գլորվելով հասել էր մինչև Սպանդարյանի ջրամբար, որում ջրի մակարդակն այժմ իջեցված է, հակառակ դեպքում այն կհայտնվեր ջրամբարում։ Փորձել ենք կարապիկով դուրս բերել մեքենան, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղից խնդրել ենք տրակտոր տրամադրել»։

Հրամանատարը կարևորեց տվյալ տարածքում թեկուզ բարձր հողաթմբերի կառուցումը, ինչը կկանխի հետագա դժբախտ պատահարները։ Սյունիքի մարզում նման վտանգավոր ոլորաններ շատ կան։

Մեկ այլ արտակարգ դեպք է գրանցվել Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Hyundai Elisson մակնիշի մեքենան, որը տեղափոխում էր արտասահմանցի զբոսաշրջիկների,  դուրս էր եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում: Վարորդը տեղափոխվել էր Մասիսի բուժկենտրոն, ապա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։ Ուղևորները սկզբում տեղափոխվել էին Արտաշատի, ապա՝ Երևանի «Էրեբունի» բուժկենտրոններ։ Արարատի ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Սուրեն Գալստյանը մանրամասնեց, որ Արտաշատի բուժկենտրոնում լեզվի իմացության խնդրի պատճառով հնարավոր չի եղել տուժածներին լիարժեք բուժօգնություն ցուցաբերել, այդ պատճառով նրանք տեղափոխվել են մայրաքաղաք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Գեղարքունիքի մարզում Սոթք-Քարվաճառ ճանապարհին եղել է մերկասառույց, տեղ-տեղ գրանցվել են արգելափակումներ։ Տեղի «Ճանշին»-ն աղալցման աշխատանքներ է կատարել Վարդենյաց լեռնանցքի զառիվեր հատվածներում։

Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ մերկասառույցի պատճառով արգելափակման դեպքեր են գրանցվել Ստեփանավանի թունելի երկու կողմերում։ Այդ մասին տեղեկացվել է «Ճանշին»-ը, կատարվել են ավազալցման աշխատանքներ։

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի տարածքում արգելափակվել է բեռնատար։ Վարորդը հրաժարվել է օգնությունից, իսկ ուղևորը տեղափոխվել է Անիի ՀՓՋ։ Մեքենան երթևեկությունը շարունակել է հաջորդ առավոտյան։ Անվադողերի անսարքության պատճառով Անիի ջոկատ են տեղափոխվել ևս երկու քաղաքացի։

Արագածոտնի ՄՓՎ  պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանի փոխանցմամբ՝  ձնաբուք է գրանցվել Արագած համայնքի տարածքում, իսկ Ապարանում տեղացել է ձյուն։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել մերկասառույցի պատճառով երթևեկելի գոտուց դուրս եկած մեքենայի։ «Այս օրերին մեր հիմնական խնդիրը Քարի լճի մոտակայքում տեղակայված «Խաշանոց»-ն է, որի ճանապարհն արդեն 10 օր է՝ ձնապատ է։ Քաղաքացիների արգելափակման տասնակ կանչեր ենք ստացել։ Օրեր առաջ խորհրդակցություն է կայացել մարզային վարչության և տեղի չորս ճանապարհաշինական ընկերությունների միջև։ Ձնաբքի սկսվելուն պես մաքրման աշխատանքներ են սկսվել Ապարան-Արագած և Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում»,- ասաց գնդապետը։

Մերկասառույցի պատճառով շղթայական արգելափակում է գրանցվել նոյեմբերի 23-ի առավոտյան Դիլիջանի թունելից մինչև քաղաքի կենտրոնական շրջանաձև ճանապարհը։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 600-ից ավելի մեքենաների, այդ թվում՝ մոտ 50 մեծ բեռնատարի։ Տավուշի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հովակիմյանը հավելեց, որ փրկարարները հերթով մոտեցել են բոլոր մեքենաներին, ճշտել՝ արդյոք կա շտապօգնության անհրաժեշտություն։ Տեղում կազմակերպվել են աղալցման և բահերով մաքրման աշխատանքներ։ Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է ժամեր անց։ Խցանման պատճառ էին դարձել ձմեռային անվադողերի բացակայությունն ու քաղաքացիների անհանդուրժողականությունը։

Ուշագրավ է, որ նոյեմբերի

22-ին Ջերմուկում ձյունն ուղեկցվում էր ամպրոպով և կայծակով: Ներկայումս հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Տեղումները կշարունակվեն նոյեմբերի 23-24-ը։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ