Քիմգործարանում պահվող ամոնիակի պաշարը ԱԻՆ-ի հսկողության տակ է

Նոյեմբերի 8-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի առցանց համարում հրապարակվեց «Վանաձորի գլխին կախված 94 տ ռումբը ամեն պահի կարող է պայթել. ահազանգ» վերտառությամբ հոդվածը, որը խուճապի ալիք բարձրացրեց մեդիայում և բնակչության շրջանում։

Հեղինակն անդրադարձել էր լուծարված «Վանաձոր Քիմպրոմ» ընկերության գործարանին, որում առկա է ամոնիակի մեծ քանակություն՝ մոտ 94 տ հեղուկ ամոնիակ և մոտ 4,25 տ ամոնիակաջուր։ Նշվում է, որ ժամանակի ընթացքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են, վթարային ազդանշանի համակարգը չի գործում։ Գործարանում պահպանություն չի իրականացվում և հայտնի չէ՝ ինչ հետևանքներ կարող են լինել։ Հղում է կատարվում նաև 2012-ի հունվարի 12-ին գործարանի գազի արտադրամասում ամոնիակի տարայի պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էր ապարատավարը, իսկ 3 աշխատակից՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հարցի առնչությամբ պարզաբանում ստացանք Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանից։ Վերջինս վստահեցրեց, որ անհանգստության կարիք չկա. մարզային փրկարարները «Վանաձոր Քիմպրոմում» պարբերաբար հսկողություն են իրականացնում։ «Խորհրդային ժամանակներից գործարանը, տեղակայված լինելով Վանաձորի բնակելի հատվածից մոտ 800 մ հեռավորության վրա, քիմիական վտանգավոր օբյեկտ է համարվում։ Մենք գործարանում հնարավոր վթարի դեպքում բնակչության պաշտպանության գործուն պլան ունենք։ Հնարավոր է, որ տարիների ընթացքում բաքերում կոռոզիոն երևույթներ նկատվեն։ Վերջին հետախուզության արդյունքում ամոնիակի արտահոսք չի գրանցվել, տարրանները հուսալի վիճակում են»,- ասաց վարչության պետը։

Ներկա դրությամբ գործարանում միայն պահակներն են աշխատում։ Դեպքի մասին տեղեկացվել են նախկին սեփականատերն ու սնանկության կառավարիչը, առաջարկվել է վտանգավոր քիմիական նյութերը տեղափոխել անվտանգ վայր։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ խնդրի հնարավոր լուծումներից իրատեսական է Երևանի «Մաքուր երկաթ» գործարանին վաճառել առկա ամոնիակի պաշարը։ Կարևոր է նաև քիմգործարանում վթարի դեպքում ահազանգի համակարգի պահպանումը, ինչը թույլ կտա նվազեցնել վտանգը։

ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Կարապետյանը հավելեց՝ հարցը բազմիցս բարձրացվել է շահագրգիռ նախարարությունների շրջանում։ Դեռ 2013-ին, երբ գործարանը կոմունալ ծառայությունների դիմաց միլիարդների պարտքեր էր կուտակել, արտակարգ իրավիճակների նախարարության միջնորդությամբ պահպանվել են էներգամատակարարումն ու ջրամատակարարումը, որպեսզի գործարանը կարողանա նվազագույն անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնել։

Առաջիկա օրերին նախատեսվում է հանդիպում «Մաքուր երկաթ» ընկերության և «Վանաձոր Քիմպրոմ»-ի սնանկության կառավարչի միջև՝ ամոնիակի վաճառքի շուրջ բանակցությունների նպատակով։ Հարցին՝ արդյոք վտանգավոր քիմիական թափոնի  տեղափոխման համար հատուկ տեխնիկա հարկավոր չէ, գնդապետը պատասխանում է՝ խնդիրը բարդ է, բայց՝ լուծելի։ Աստիճանական գոլորշիացման եղանակով ամոնիակի չեզոքացումը ծայրահեղ որոշում է։

Նորություններին կանդրադառնանք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ